| ||||||||
Մեծ լեզվաբան լինելու համար բավական չէ խորությամբ ուսումնասիրել այս կամ այն լեզուն կամ առանձին լեզվական փաստերը, անհրաժեշտ է այդ ամենը դիտարկել լեզվի ընդհանուր տեսության դիտակետից, լեզվական առանձին փաստերը ծառայեցնել լեզվական համակարգերի ստեղծմանը: ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բեգլարի Ջահուկյանն այդ գիտնականներից է: Իր գիտակցական ողջ կյանքը նա նվիրել է գիտությանը և կրթությանը: Գ.Ջահուկյանը ծնվել է 1920թ. ապրիլի 1-ին Կալինինոյի շրջանի Շահնազար (ներկայիս Տաշիրի շրջանի Մեծավան) գյուղում։ 1937թ. ավարտել է Երևանի Շահումյանի անվ. միջնակարգ դպրոցը: Բուհական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև ծառայության անցել սովետական բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո սովորել է ասպիրանտուրայում, եղել մեծ հայագետ Հ. Աճառյանի ասպիրանտը: 1947թ. Գ.Ջահուկյանը հաջողությամբ պաշտպանել է «Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում» թեկանածուական ատենախոսությունը, իսկ 1955թ. «18-19-րդ դդ. հայ լեզվաբանական միտքը և աշխարհաբարի հարցերը» ատենախոսության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1949թ. ստացել է դոցենտի, իսկ 1958թ.՝ պրոֆեսորի կոչում։ Երիտասարդ հետազոտողի գիտամանկավարժական գործունեությունը սկսվել է դեռևս ասպիրանտական տարիներից։ Շուրջ 60 տարի զբաղվել է գիտամանկավարժական աշխատանքով՝ դասավանդելով լեզվաբանական առարկաներ՝ ժամանակակից հայոց լեզու, գրաբար, լատիներեն, հին հունարեն, գերմաներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլն։ Ամբողջովին նվիրվելով գիտությանը՝ Գ.Ջահուկյանը կարողացել է համատեղել նաև վարչական աշխատանքը: 1948-56թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների, իսկ 1957-70թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնը։ 1962թ. նշանակվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի տնօրեն։ Նրա ղեկավարությամբ նախանշվել են ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները, պատրաստվել են բարձրորակ գիտական կադրեր։ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում այսօր էլ շարունակվում են ջահուկյանական ավանդույթները, և նկատելի է ջահուկյանական շունչը: Ճանաչված գիտնականի աշխատանքային գործունեությունը վերոնշյալով չի սահմանափակվում. Գ.Ջահուկյանն ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ: Երկար տարիներ ղեկավարել է լեզվի ինստիտուտի՝ գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը, կատարել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահի պարտականությունները, գործուն մասնակցություն է ունեցել բարձրագույն կրթության և լուսավորության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին։ Գ.Ջահուկյանի աշխատանքային գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույն. 1956թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում, 1968թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1974թ.՝ ակադեմիկոս, արժանացել է կառավարական մի շարք պարգևների և մրցանակների։ Վերջին տասնամյակներում լեզվաբանական զանազան հարցերի ջահուկյանական մեկնաբանություններն ու ըմբռնումները նոր հետևորդներ են գտնում: Գիտնականի երկերը մեծ ազդեցություն են ունեցել ինչպես իր ժամանակակիցների, այնպես էլ հետագա սերունդների վրա: Նոր գաղափարներով ու մտքերով հարուստ են Գ.Ջահուկյանի գրեթե բոլոր աշխատությունները: Ինքնատիպ մտածողության շնորհիվ լեզվաբանը միշտ հանգել է նոր մտքերի և նախանշել լեզվաբանական խնդիրների լուծման նոր ուղիներ, երբեմն էլ առաջադրել է լեզվական երևույթների ներկայացման ու մեկնաբանության նոր միջոցներ ու տարբերակներ: Գ.Ջահուկյանի գիտական հետազոտության շրջանակները լայն են՝ հայերենի համեմատական քերականություն, հայ քերականական մտքի պատմություն, հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզվի նկարագրություն, հնդեվրոպական և նոստրատիկ լեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության պատմություն, լեզվաբանության տեսություն… Գիտնականի առաջին մենագրությունը՝ «Քերականական և ուղղագրական աշխատանքները հին և միջնադարյան Հայաստանում», տպագրվել է 1954թ.։ Հայ լեզվաբանական մտքի զարգացմանն են նվիրված նաև նրա դոկտորական ատենախոսությունը՝ «Հայ լեզվաբանական միտքը և աշխարհաբարի հարցերը XIII-XIX դդ», ինչպես նաև «Գրաբարի քերականության պատմություն» աշխատանքը: Գ.Ջահուկյանը ներկայացրել է հատկապես գրաբարի քերականական համակարգի ազդեցությունից զերծ աշխարհաբարի նկարագրություն ստեղծելու խնդիրը, լեզվի նորմավորման սկզբունքների մշակման և լեզվի զարգացման հարցերը։ Այս հետազոտություններով մեծ լեզվաբանը հայ քերականական մտքի պատմությունը մի նոր աստիճան է նշանավորել: Գ.Ջահուկյանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են նաև հայոց լեզվի պատմական զարգացման հարցերը: «Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը» (1964թ.) աշխատության առաջին բաժնում մեծ գիտնականը ոչ միայն ներկայացրել է հայոց լեզվի զարգացման ընթացքը, այլև կատարել գրավոր հայերենի շրջանաբաժանում: Հետագայում իր հայացքները զարգացրել է մեծածավալ ուսումնասիրություններից մեկում՝ «Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան» աշխատության մեջ (1987թ.): Ներկայացրել է հայերենի նախագրային շրջանի լիակատար պատմությունը, հայերենի պատմական զարգացման հետագա փուլերի ամբողջական բնութագիրը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրության մեթոդը, մանրամասն քննել ու գնահատել աշխարհաբարի զարգացման ընթացքի վերաբերյալ եղած տեսությունները: Այս աշխատությունը կարևոր է ոչ միայն իր առաջադրած խնդիրների խորությամբ և արդիականությամբ, այլև հայոց լեզվի պատմության շրջանաբաժանման տեսանկյունից: 1989թ. այս ծանրակշիռ աշխատանքի համար Գ.Ջահուկյանն արժանացել է Հանրապետության պետական մրցանակի: Իսահակյան գրադարանի թիվ 36 մասնաճյուղում ականավոր լեզվաբանի, բանասերի և հայագետի անվամբ գրականություն 1959թ. լույս է տեսել Գ.Ջահուկյանի «Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը» մենագրությունը, որով տրվել է մեծանուն գիտնականի ուսումնասիրությունների մեկնարկը: Հետագայում գիտական հայացքները դրսևորվել են «Сравнительная грамматика армянского языка» (1982թ.) մենագրության մեջ, որտեղ մանրամասն ներկայացրել է հայերենի առնչությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, անդրադարձել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններին, ուսումնասիրել հայերենի անհայտ ծագման բառաշերտը, ներկայացրել նոր ստուգաբանություններ: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 60-ամյակի և 100-ամյակի առթիվ նվիրված հոդվածներ Գ.Ջահուկյանն անդրադարձել է նաև հնդեվրոպական լեզուների պատմահամեմատական ուսումնասիրությանը: Նա առաջինն է քննել հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը՝ բացահայտելով հնդեվրոպական և խուռա-ուրարտական զուգաբանություններ, որոնք վկայում են այդ լեզվաընտանիքների միջև գոյություն ունեցած հեռավոր ցեղակցության մասին։ Առաջադրել է նոստրատիկ լեզվաբանության հարցեր: Բարբառագիտական հետազոտություններում նոր փուլ է արձանագրվել «Հայ բարբառագիտության ներածություն» (1972թ.) աշխատությամբ։ Մեծանուն լեզվաբանն առաջադրել է և՛ համաժամանակյա, և՛ պատմական բարբառագիտության կարևոր հարցեր, մասնավորապես՝ հայ բարբառների դասակարգման բազմահատկանիշ սկզբունքը և վիճակագրական բարբառագիտության մեթոդը: Ընդհանուր լեզվաբանության և լեզվաբանության տեսության բնագավառում կարևոր են լեզվի պատմության շրջանաբաժանման, լեզվական մակարդակների, կաղապարման մեթոդի, լեզվի տեսության հարցերը, որոնք տարբեր աշխատություններում և հոդվածներում ներկայանում են աստիճանական զարգացմամբ: «Լեզվաբանության պատմություն» (I հատ., 1960թ., II հատ., 1962թ.), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» (1974թ.), "Общее и армянское языкознание" (1978թ.), "Универсальная теория языка" (М., 1999թ.): Մեծ լեզվաբանը մշակել է համընդհանուր լեզվաբանական տեսություն, որը կիրառել է հնչույթաբանության, նաև ժամանակակից հայերենի բառակազմության և իմաստաբանության մեջ: «Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն» (1989թ.): Գ. Ջահուկյանը գիտական նոր խոսք է ասել ոչ միայն լեզվաբանական տեսության մշակման, տեսական նշանակություն և կարևորություն ունեցող շատ խնդիրների ու հարցերի, այլև նոր գիտաբառեր ստեղծելու տեսանկյուից: Նրա աշխատություններում լեզվաբանական նորաստեղծ տերմինների առկայությունը գերազանցապես պայմանավորված է նոր ըմբռնումներով ու հայեցակետով, նոր մեթոդների կիրառությամբ, ինչպես նաև նոր տեսություն ստեղծելու հանգամանքով: Որպես Եվրոպայի և ԱՄՆի լեզվաբանական ընկերությունների անդամ` լեզվաբանը մեծ դեր է կատարել հայ լեզվաբանական դպրոցի ձեռքբերումները միջազգային ասպարեզ դուրս բերելու գործում: Անվերապահորեն կարելի է ասել, որ Գ. Ջահուկյանի շնորհիվ մի նոր բարձունքի է հասել հայ և համաշխարհային լեզվաբանական միտքը: Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանել են բազմաթիվ թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ: Մեծ լեզվաբանի մասին պատկերացումը փոքրինչ թերի է առանց նրա «Բանաստեղծական գրքի» (2001թ.)։
Ինչ որ կար իմ սրտում խնդագին ու բարի, Ինչ որ կար իմ սրտում և՛ գեղեցիկ, և՛ լավ, Ես բոլորը տվի մարդկանց ու աշխարհին, Այնպես անհոգ, ասես չեմ ունեցել բնավ:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», ՀՀ «Մովսես Խորենացի» և ԵՊՀ ոսկե մեդալներով:
Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանին նվիրված նյութերի հղումներ
|