Научные результаты
24/08/2023
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում պարզել են տաք գերխիտ աստղերում հիպերոնային նյութի բաղադրությունը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում պարզել են տաք գերխիտ աստղերում հիպերոնային նյութի բաղադրությունը և վիճակի հավասարումը դելտա-ռեզոնանսների առկայության դեպքում։ Հաշվվել են աստղերի մոդելները։ Հաշվվել է նեյտրոնային աստղի ներքին պատյանում նյութի էլեկտրահաղորդականության գործակիցը բարձր ջերմաստիճաններում և մագնիսական դաշտերի առկայությամբ։

«Գերխիտ կամ նեյտրոնային աստղերը տիեզերքի ամենախիտ օբյեկտներից են, որոնց ընդերքում նյութը սեղմվում է մինչև միջուկային խտությունից մի քանի անգամ ավելի մեծ խտություններ: Այդպիսի էքստրեմալ խտություններում նյութը կարող է դրսևորվել տարբեր բաղադրությունների կամ փուլերի տեսքով։ Ուսումնասիրվել է նեյտրոնային աստղերի նյութի բաղադրությունն այնպիսի բարձր ջերմաստիճաններում, որոնք հասանելի են կա՛մ կրկնակի նեյտրոնային աստղերի միաձուլման պրոցեսներում, կա՛մ գերնորերի պայթյուններից հետո, որոնց արդյունքում առաջանում է նեյտրոնային նախաաստղ», - պատմեց գիտական խմբի ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Սեդրակյանը։ Ըստ նրա՝ հետազոտությունների կարևոր մաս են կազմում նաև կրկնակի նեյտրոնային աստղերի միաձուլման և նրանցից գրավիտացիոն ալիքների արձակման խնդիրները: «Միաձուլվող կրկնակի նեյտրոնային աստղերից առաքված գրավիտացիոն ալիքներն առաջին անգամ գրանցվել են 2017թ․-ին LIGO-Virgo դետեկտորներով։ Միաձուլումից հետո առաջանում է գերզանգվածեղ տաք նեյտրոնային աստղ, որում ընթացող տեղափոխման երևույթները կարող են ազդել արձակվող գրավիտացիոն ալիքների սպեկտրի վրա։ Այդ սպեկտրների հետագա ուսումնասիրությունը կարող է շատ արժեքավոր տեղեկություններ պարունակել գերխիտ նյութի կառուցվածքի մասին։ Մեր վերջին աշխատանքն ուղղված է աստղային նյութի էլեկտրահաղորդականության գործակցի ուսումնասիրությանը համապատասխան ֆիզիկական պայմաններում՝ բարձր ջերմաստիճաններում և ուժեղ մագնիսական դաշտերում»,- ասաց նա։

 

Աշխատանքը կարևոր է ռենտգենյան ճառագայթների, գրավիտացիոն ալիքների և ռադիոալիքների տարբեր աստղադիտակներից ստացվող տվյալների մեկնաբանման համար և բազմաթիվ այլ բաց հարցեր ուսումնասիրելու համար։ «Օրինակ, նեյտրոնային աստղի նյութի բաղադրության մեջ տարբեր ծանր մասնիկների առկայությունը՝ պայմանավորված միջուկային փոխազդեցություններով, բերում է աստղերի զանգվածի և չափերի, ինչպես նաև այլ կարևոր պարամետրերի փոփոխության։ Քանի որ աստղերի զանգվածն ու չափերը կարող են որոշվել դիտումներից, ուստի տեսականորեն ստացված արդյունքների համեմատությունը դիտողական տվյալների հետ ու միջուկային ֆիզիկայի փորձերի հիման վրա առաջարկված տեսական մոդելների հետ համադրումը կարող է մեզ շատ արժեքավոր տեղեկություններ տրամադրել գերխիտ նյութի կառուցվածքի և նյութը կազմող տարրական մասնիկների միջև փոխազդեցությունների մասին»,- ասաց Արմեն Սեդրակյանը:

Հետազոտության առաջին մասի արդյունքների վերաբերյալ երկու գիտական հոդված է տպագրվել․

  1. A. Sedrakian, A. Harutyunyan, Equation of State and Composition of Proto-Neutron Stars and Merger Remnants with Hyperons. Universe 7(10), 382, (2021)
  2. A. Sedrakian, A. Harutyunyan, Delta-resonances and hyperons in proto-neutron stars and merger remnants. European Physical Journal A 58, 137 (2022)։

Հետազոտությունն իրականացվել է Ֆրանկֆուրտի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի և Բյուրականի աստղադիտարանի համատեղ «Տրանսպորտային երևույթներ խիտ նյութում՝ նեյտրոնային աստղերի միաձուլումից մինչև իոնների ծանր բախումներ» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի «Volkswagen» հիմնադրամի աջակցությամբ, Երևանի պետական համալսարանի և Լեհաստանի Վրոցլավի համալսարանի մասնակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24․08․2023թ․