Научные результаты
07/06/2023
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում որոշվել են դեղագործական արդյունաբերության համար խաղողի կորիզներից բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանները

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանում և Արցախում տարածված  Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները և քիմիական բաղադրությունը: Որոշվել են նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը:

«Խաղողի կորիզներից անջատված յուղը (grape seed oil) լայն համբավ ունի համաշխարհային սննդարդյունաբերության, դեղագործական արտադրության և գեղարարության (կոսմետոլոգիա) բնագավառներում:  Այն պարունակում է մոնո- և պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին E, կարոտինոիդներ և ֆենոլային միացություններ, որոնք նպաստում են օրգանիզմի հակաօքսիդանտային, իմունապաշտպանիչ, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունների բարելավմանը: Այդ միացությունները չեն սինթեզվում մարդու օրգանիզմում, դրանք կարելի է ստանալ միայն սննդամթերքի հետ: Մեր հետազոտության նպատակն էր Արենի և Խինդողնի տեսակների մեջ և վերամշակման առաջնային արգասիքներում պարզել կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ բաղադրամասերի առկայությունը և դրանց անջատման համեմատաբար պարզ մեթոդների մշակման հնարավորությունը»,- ասաց հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Հալենային և նոր հալենային դեղապատրաստուկների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Սլավիկ Դադայանը:

Սննդի և դեղագործական արդյունաբերության համար Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից լուծամզման եղանակով բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանների որոշման արդյունքում յուղի ելքը կազմել է 9.5%: Ցույց է տրվել, որ Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից ստացվող յուղերը պարունակում են 1.118 մգ % տոկոֆերոլներ, 3.2 մգ % կարոտինոիդներ, С, P, E վիտամիներ, իսկ դրանց մշակման արգասիք քուսպերը պարունակում են արժեքավոր ազատ օրգանական թթուներ՝ թրթնջկաթթու (0.093 մգ/մլ), գինեթթու (3.105 մգ/մլ), կիտրոնաթթու (0.48 մգ/մլ): Ցույց է տրվել, որ Fe, Cu, Zn, Ca, Mg մակրոտարրերը և Mn, Co, Cd, V, Se, Cr, As, Pb միկրոտարրերը հետազոտվող կորիզների նմուշներում առկա են թույլատրելի չափաքանակների սահմաններում: Պարզվել է, որ խաղողի հումքի օգտագործված  երկու տեսակներն էլ պիտանի են կոմպլեքս և անթափոն մշակման արտադրության համար: 

«Աշխատանքն ունի և՛ կիրառական, և՛ հիմնարար նշանակություն. այն նպատակաուղղված է ազգաբնակչության առողջ սննդակարգի բարելավմանը»,- ասաց Սլավիկ Դադայանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրության վերջնարդյունքում իրականցվել է խաղողի հետազոտված հումքերի և դրանց առաջնային քուսպերի մշակման անթափոն արտադրության լաբորատոր տեխնոլոգիական սխեմա, որը կարող է հետաքրքրել շահագրգիռ կազմակերպություններին: 

«Սև և սպիտակ խաղողի կորիզների յուղերի համեմատական հետազոտությունը` կախված կորիզների մանրեցման աստիճանից և գազային ածխաթթու գազի հոսքի արագությունից» թեմայով սույն հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտության առաջին փուլի արդյունքների մասին անգլերեն լեզվով հոդված  է տպագրվել է ԵՊՀ-ի գիտական տեղեկագրում (Dadayan A. S., Stepanyan L.A., Sargsyan T.H., Poghosyan A.S., Minasyan E.V., Israelyan M. H., Hovhannisyan A.M., Dadayan S. A. // Study of oil and pomace from grape seeds for the identification of prereouistes of their complex processing / Proceedings of the Yerevan stateuniversity. Chemistry und biology, 2022, 56 (1), p. 18-30):

Հետազոտական աշխատանքում ներգրավված է եղել 4 երիտասարդ գիտաշխատող:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.06.2023թ․