Научные результаты
27/12/2022
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի մշակած «Rhizomix» կենսապարարտանյութը կարող է բարձրացնել գետնանուշի բերքատվությունը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները մշակել են «Rhizomix» կենսապարարտանյութը, որը նպաստում է գետնանուշի բերքատվության բարձրացմանը:

««Rhizomix» համալիր կենսապարարտանյութը մշակվել է սիմբիոտիկ և ազատ ապրող ազոտֆիքսող բակտերիաների հիման վրա: Այն նախատեսված է արժեքավոր հատիկաընդեղենային և կերային գյուղատնտեսական մշակաբույսերի՝ սոյայի, լոբու, սիսեռի, ոլոռի, գետնանուշի, ոսպի, երեքնուկի, կորնգանի, առվույտի բերքատվության բարձրացման համար։ Պատրաստուկի բաղադրության մեջ ռիզոբակտերիաների համակցությունները, կախված հատիկաընդեղեն բույսի տեսակից, զգալիորեն մեծացնում են բույսերի մատակարարումն ազոտով և ֆոսֆորով՝ դրանով իսկ բարձրացնելով բերքատվությունը միջինում 20%-ից մինչև 60%: Այս երևույթը բացատրվում է հատիկաընդեղեն ընտանիքի տարբեր տեր-բույսերի նկատմամբ պալարաբակտերիաների խիստ սպեցիֆիկությամբ։ Միաժամանակ, մեր կողմից առաջադրված վարկածը Bradyrhizobium arachidis-ի և Bradyrhizobium japonicum-ի բարեկամ շտամների հնարավոր խաչաձև սիներգետիկ ազդեցության մասին հաստատվել է մեր ուսումնասիրություններում գետնանուշ բույսի օրինակով»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը:

ա բ գՆկար։ ա –գետնանուշի բույսը, բ – պալարներ գետնանուշի բույսի արմատների վրա, գ – բակտերոիդներ գետնանուշի բույսի պալարի ներսում (մանրադիտակային խոշորացում՝ x2000 անգամ):

Նա նշեց, որ, ստացված տվյալների համաձայն, B․arachidis-ի բոլոր փորձարկված շտամները «Rhizomix» պարարտանյութի բաղադրության մեջ B. japonicum MDC 5784-ի հետ միասին նպաստում են գետնանուշի կենսաչափական ցուցանիշների բարելավմանը: Արդյունքում գետնանուշի բերքատվությունը համեմատած ստուգիչ բույսերի հետ բարձրացել է 23,3%-ից մինչև 34,5%։ B. arachidis-ի փորձարարական շտամներով սերմերի նախացանքսային և հետցանքսային մշակումը նպաստել է պալարների, պատիճների սերմերի քանակի և քաշի զգալի աճին և կենսազանգվածի ավելացմանը: «Հետազոտության արդյունքների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ գետնանուշի ամենաակտիվ սիմբիոնտը B. arachidis MDC 5806 շտամն է, որը բարձրացրել է բույսերի բերքատվությունը՝ 34,5%-ով»,- ասաց Վիգեն Գոգինյանը

Գետնանուշը Հայաստանում մշակության համար համեմատաբար կարևոր և հեռանկարային ընդեղեն բույսերից է։ Այն արժեքավոր արտադրական, գյուղատնտեսական յուղատու մշակաբույս է: Գետնանուշի հատիկները ծառայում են որպես հումք՝ չչորացող բուսական յուղի (յոդային թիվը 83-103) արտադրության համար, որն օգտագործվում է բարձր կարգի պահածոների, հրուշակեղենի և մարգարինի պատրաստման համար։ Յուղի արտադրության բարձրորակ թափոնները՝ մինչև 45% սպիտակուցի և մինչև 8% ճարպի պարունակությամբ, օգտագործվում են հալվայի, թխվածքաբլիթների և այլ սննդամթերքների արտադրության համար

Հետազոտական աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի գիտաշխատողներ Սեդա Հարությունյանը, Թամարա Ստեփանյանը, Գայանե Խաչատրյանը

Հետազոտության արդյունքները ներկայացված են «Կենսատեխնոլոգիա. գիտություն և պրակտիկա, նորարարություն և բիզնես» միջազգային գիտաժողովի նյութերում (Երևան, հոկտեմբերի 20-22, 2021 թ.), նախապատրաստվում է ակնարկ-գլուխ` Հայաստանում պալարաբակտերիաների կենսաբազմազանության, էկոլոգիական տարածվածության, գործնական կիրառության մասին, որը նախատեսվում է տպագրել Springer-Elsevier-ի «Միկրոօրգանիզմների արդյունաբերական հեռանկարները» գրքում:

Ներկայում նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթային հիմքեր՝ տեխնիկական պայմաններ և այլ հրահանգներ, «Rhizomix» պարարտանյութի սերիական արտադրությունը կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.12.2022թ.