| ||||||||
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրականացվել է Հրազդան գետի՝ Երևանի տարածքով անցնող հատվածի հատակային նստվածքներում Fe, Co, Ti, V, Mn, Ba, Cu, Pb, Zn, Mo, Cr, Sr, Rb, և Zr պարունակությունների ուսումնասիրություն և բազմաչափ վիճակագրական վերլուծություն: Արդյունքների համաձայն՝ ուսումնասիրված տարրերը հանդես են գալիս երեք առանձին երկրաքիմիական ասոցիացիաներով՝ Fe-Co-Ti-V-Mn-Zr (I), Cu-Pb-Mo-Zn-Cr (II) և Sr-Ba-Rb (III):
«Ցանկացած միջավայր ունի որոշակի քիմիական կազմ: Այդ քիմիական կազմում տեղ գտած տարրերը հանդես են գալիս փոխկապակցված կամ իրարից անկախ: Իրար հետ հանդես եկող տարրերը ներկայացնում են երկրաքիմիական ասոցացիաներ: Այդ ասոցացիաները կարող են փոփոխվել միջավայրի քիմիական կազմի փոփոխմանը զուգընթաց: Բնական վիճակում գտնվող միջավայրի քիմիական կազմի երկրաքիմիական ասոցացիաները ֆոնային են: Քաղաքային միջավայրում, անթրոպոգեն աղբյուրներով պայմանավորված, ֆոնային երկրաքիմիական ասոցացիաները վերափոխվում են, փոփոխվում է քիմիական տարրերի կազմը: Տվյալ հետազոտության արդյունքում ստացվել է, որ Հրազդան գետի Երևանի տարածքով անցնող հատվածի հատակային նստվածքներում Fe-Co-Ti-V-Mn-Zr և Sr-Ba-Rb տարրերի երկրաքիմիական ասոցացիաները մնացել են բնականին մոտ, իսկ Pb-Mo-Zn-Cr խումբն անթրոպոգեն ազդեցության արդյունքում ձևավորված ասոցացիա է»,- ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը: Ըստ նրա՝ ուսումնասիրության կիրառական նշանակությունն այն է, որ վեր է հանում անթրոպոգենեզի պայմաններում քաղաքային միջավայրի գետային նստվածքների քիմիական կազմի փոփոխության գործընթացի առանձնահատկությունները: Հետազոտություններին մասնակցել են երիտասարդ գիտնականներ:
Ուսումնասիրությունն իրականացվել է պետության կողմից հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտության արդյունքների մի մասի վերաբերյալ տպագրվել է գիտական հոդված՝ Tepanosyan G., Harutyunyan N., Maghakyan N., Sahakyan L. Potentially toxic elements contents and the associated potential ecological risk in the bottom sediments of Hrazdan river under the impact of Yerevan city (Armenia), Environmental Science and Pollution Research, 2022, p. 36985–37003, https://doi.org/10.1007/s11356-022-18526-2, IF=5.19: |