| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը: Աշխատանքները ղեկավարում է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը: «Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական և կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի և Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման և խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելու նպատակով։ Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարևոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի։ Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները և երկարամյա փորձը։ Շենքերի և շինությունների մեր կողմից առաջարկված նախնական տարակարգման հիման վրա իրականացվեցին մանրամասն մակրոսեյսմիկ հետազոտություններ Սպիտակի երկրաշարժի ազդեցության գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում: Կազմվեցին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մանրամասն մակրոսեյսմիկ քարտեզները», - ներկայացրեց Վանանդ Գրիգորյանը։ Տարածքային սեյսմիկ սանդղակի կիրառական նշանակությունը պայմանավորված է երկրաշարժերի ինտենսիվության առավել իրատեսական գնահատման անհրաժեշտությամբ՝ առավել օբյեկտիվ ու արդյունավետ հակասեյսմիկ քաղաքականություն իրականացնելու նպատակով։ «Սեյմիկ շրջանացման, միկրոշրջանացման մեթոդների կատարելագործում, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում՝ տարածքային առանձնահատկությունների հաշվառմամբ» թեմայով աշխատանքները կատարվում են ՀՀ ԳԱԱ Նախագահության կողմից հաստատված հիմնարար գիտական հետազոտությունների ծրագրի շրջանակում։ Կատարված հետազոտությունները զեկուցվել են մի շարք միջազգային գիտաժողովներում: |