Научные результаты
21/03/2022
ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ-ում առաջարկվում է լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում իրականացվել է լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրում: Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշման շղթայական կապը և դրա բուժման նոր մոտեցումը՝ համակցված բուսական դեղապատրաստուկներով:

Այս գիտական արդյունքը ստացվել է ՕԴՔԳՏԿ-ի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի ատենախոսական աշխատանքի շրջանակներում՝ լաբորատորիայի աշխատակիցների աջակցությամբ, ըստ համապատասխան ցուցումների:

«Լյարդ-թոք-երիկամ ֆունկցիոնալ կապով ուսումնասիրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի զարգացման դինամիկան, որի վերլուծության արդյունքում մշակվել է հեպատոպրոտեկտորների՝ Ֆլամին/Սիլիմարին բուսական խառնուրդի բուժական ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լյարդի տոքսիկ ցիռոզի ախտահարման պայմաններում, նախքան ցիռոզի պաթոլոգիայի դրսևորումը, ի հայտ են գալիս թոքերի և երիկամների ախտաբանական գործընթացներ` ընդհուպ մինչև ըստ սեռային պատկանելիության տարբերության: Ուսումնասիրելով բուսական խառնուրդի երկու տարբեր համակցումներ՝ Ֆլամինի և Սիլիմարինի, որոնք նույնպես ստացվել են Կենտրոնում, պարզել ենք արդյունավետ հարաբերակցությունը և դրանց բուժական ելքերի դինամիկան զարգացող ցիռոզի ժամանակ: Ստացված արդյունքների կիրառման դեպքում նշված օրգանների ախտահարումը կբացահայտի ցիռոզի ծագումնաբանությունը՝ կիրառելով այն գործնական բժշկության մեջ», - ասաց Լիլիթ Արշակյանը:

Նա նշեց, որ առաջիկա նպատակներից է իրականացնել լյարդի տոքսիկ ցիռոզի նախանշանների կանխատեսման, զարգացման և նոր խառնուրդով բուժման ընթացքի հետազոտություն՝ լյարդի, թոքերի, երիկամների պատճառահետևանքային կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրման մոտեցմամբ: «Նպատակն է ուսումնասիրել նոր խառնուրդի հեպատոպրոտեկտոր հատկությունը, որոնք անջատվել են Հայաստանում աճող Helycrisum Rubicundum և Silybum marianum բույսերից և հետագայում ներդնել այն ցիռոզի բուժման պրակտիկայում, որը կարող է կիրառվել բուժ-հաստատություններում: Առաջիկայում պլանավորում ենք նոր բուսական հումքի տարբեր համակցումների ակտիվության գնահատում` առաջարկված մոդելով լյարդի ախտահարումները վերականգնելու նպատակով», - ասաց Լիլիթ Արշակյանը:

Աշխատանքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Ներկայում հետազոտությունների տվյալներն ամբողջականացվում են:

Հետազոտությունների որոշ մասն իրականացվել է Ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.03.2022թ.