Научные результаты
18/04/2024
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը։ Այն նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին: Աշխատության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:

Աշխատության մեջ անգլերենով առաջին անգամ ներկայացվել է Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու կատարողական արվեստը, բացահայտվել են Չեքիջյան-խմբավարի ներդրումը հայ խմբերգային արվեստի զարգացման գործում, Մաեստրոյի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները։ Ներկայացվել է Հովհաննես Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում, լուսաբանվել են Հովհաննես Չեքիջյանի համերգային շրջագայությունների լենինգրադյան և ֆրանսիական էջերը:

Հեղինակը կազմել է Հովհաննես Չեքիջյանի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արխիվում և Հովհաննես Չեքիջյանի անձնական արխիվում պահվող կարևոր վավերագրեր՝ համերգների հայտագրեր, ծրագրեր, փաստաթղթեր, համերգների վերաբերյալ գրախոսականներ: 

«Հովհաննես Չեքիջյանն այսօր հայ կատարողական արվեստում եզակի և անգերազանցելի խմբավար է, փայլուն դիրիժոր: Չեքիջյանի շնորհիվ նոր մակարդակի է բարձրացել երաժշտական կյանքի որակը Հայաստանում։ Մաեստրոն դարձել է բազմաթիվ ստեղծագործությունների առաջին ու անգերազանցելի մեկնաբանը: Նրա շնորհիվ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն իր կատարողական վարպետությամբ դարձել է հայկական խմբերգային արվեստի գագաթը: Նրա ղեկավարությամբ կապելլան բնագրի լեզվով՝ 27 լեզուներով կատարել է ավելի քան 700 ստեղծագործություն, այդ թվում` խոշոր կտավի վոկալ-սիմֆոնիկ շուրջ 40 ստեղծագործություն», - նշեց Աննա Ասատրյանը։ 

Աշխատության մեջ Արամ Խաչատրյանի «Ձոն ցնծության» ստեղծագործության չեքիջյանական մեկնաբանության ուսումնասիրության օրինակով ներկայացվել է Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում: Ներկայացվել է Չեքիջյանի գործունեությունը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավարման տարիներին: Ներկայացվել է նրա բեղմնավոր համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի հետ: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Հովհաննես Չեքիջյանը ՀՀ ԳԱԱ հիմնի առաջին կատարողն է և դեռևս միակ մեկնաբանը: 

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար, ինչպես նաև ընդգրկվել հայ կատարողական արվեստի պատմության բուհական դասընթացներում և օգտագործվել որպես ուսումնական ձեռնարկ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում», - ասաց Աննա Ասատրյանը։

Աշխատությունը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշումներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
18․04․2024թ․