| ||||||||
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքաղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։ «2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո 13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։ Արտաշատի #13 բլրի կարասային դամբարանը և նրա որոշ գտածոները Բլրի հյուսիսային մատույցներում շուրջ 0,5 կմ երկայնքով հայտնաբերվել են մեր տարածաշրջանում եզակի հռոմեական ակվեդուկի՝ կամրջային ջրատարի զանգվածեղ հիմքերը։ Արտաշատի հռոմեական ակվեդուկի հիմնամույթերը Բլրից հարավ ընկած դաշտավայրում ուսումնասիրվել են ավելի քան 500 քմ տարածքով մոնումենտալ ուրարտական հասարակական կառույցի երկու հատվածները։ Արտաշատի ուրարտական դահլիճի մագնիսամետրիկ հատակագիծը և նրա պեղված հատվածները (տեղամաս 11, 14) 2023 թ-ին սկսված 17-րդ բլրի պեղումներով բացահայտվեցին Ք. ա. I - Ք. հ. I դդ. արտադրական և բնակելի համալիրների ավերակներ, ինչպես և Ք. հ. II-III դարերին թվագրվող մոնումենտալ կղմինդրածածկ մի կառույց, հատակին՝ փայտե տախտակամածի այրված գերաններով, որոնց ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկայում»,- ասաց արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։
Արտաշատի #17 բլրի մոնումենտալ կղմինդրածածկ կառույցը և նրա այրված տախտակամածի գերանները Անտիկ Հայաստանի երրորդ մայրաքաղաք Արտաշատը, որը հաջորդել է Արմավիրին և Երվանդաշատին, հիմնադրվել է Ք. ա. 180-ական թթ-ին Արտաշես Ա-ի կողմից և որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն գործել է մինչև Ք. հ. V դ-ի կեսերը։ Քաղաքի հիմնական կառուցապատման կորիզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի տարածքում, Խոր Վիրապի 17 բլուրների վրա (Վերին քաղաք) և հարակից դաշտավայրում՝ մինչև Արաքսի ափը (Ստորին քաղաք), շուրջ 600 հա ընդհանուր տարածքով։ Արտաշատ հնագիտական հուշարձանը՝ քաղաքային արվարձանով և դամբարանադաշտերով, զբաղեցնում է Լուսառատ - Փոքր Վեդի - Տափերական - Շիրազ գյուղերի միջև ընկած դաշտավայրի զգալի մասը՝ ընդգրկելով շուրջ 3000 հա տարածք։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն Արտաշատում պեղումներ են իրականացնում 1970 թ-ից։ Ըստ հնագիտական տվյալների՝ բնակությունն Արտաշատի տարածքում սկիզբ է առել դեռևս Ք. ա. V հազարամյակում։ Վաղ երկաթի դարաշրջանում (Ք. ա. XI-IX դդ.) այստեղ գործել է խոշոր բնակավայր, որի կործանումից անմիջապես հետո՝ մեծ ուրարտական քաղաք։ Անտիկ դարաշրջանի բուռն ծաղկումից (Ք. ա. II - Ք. հ. V դդ.) հետո կյանքը հուշարձանի տարածքում շարունակվել է մինչև Ք. հ. XV դ-ը։ «2003 թ-ից ընթանում են Արաքսի ափին տեղակայված «Գետամերձ թաղամասի» պեղումները, որտեղ բացվել են հունահռոմեական ոճով կառուցված տաճարի ավերակներ, խճանկարներով զարդարված բաղնիքային համալիր, որմնանկարներով բնակելի կառույցներ»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը։ Հին Արտաշատի Գետամերձ թաղամասի համայնապատկերը Արտաշատի Փոքր Վեդի գյուղին հարող տարածքն ուսումնասիրվել է նաև հայ-լեհական հնագիտական ծրագրի շրջանակում (ՀԱԻ – Վարշավայի համալսարան)։ Ծրագիրն ուղղված է եղել գիտական արդի միջոցների կիրառմամբ Հռոմի Տրայանոս կայսեր Ք. հ. 116 թ-ի արձանագրության հայտնաբերման տարածքի հետազոտմանը։ «Արտաշատի հետազոտման արդյունքներին են նվիրված հինգ մենագրություն և շուրջ հարյուր հոդված՝ հրատարակված Հայաստանում և արտերկրում», - ասաց Մկրտիչ Զարդարյանը։ Նա նշեց, որ չնայած Հայաստանի պատմության և մշակույթի ասպարեզում իր բացառիկ նշանակությանը, այս հուշարձանի պահպանության ներկայիս վիճակը մտահոգիչ է։ «Նրա դաշտային մասերը շարունակաբար ավերվում են գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ու ավազահանության ընթացքում։ Բլուրների լանջային տարածքը հիմնովին խաթարվում է տարեցտարի աճող Խոր Վիրապի գերեզմանոցի կողմից։ Հատուկ մտահոգության առարկա է վերջին տարիներին ակտիվացած գանձախուզությունը, ինչի հետևանքով շարունակաբար ավերվում են բուն քաղաքի թաղամասերը»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը։ Ըստ նրա՝ հին Արտաշատ հուշարձանի պատշաճ պահպանությունը հնարավոր է ապահովել նրա հիմնական տարածքի՝ 17 բլուրների և հարակից դաշտավայրի, հնագիտական արգելոցի սահմաններում ընդգրկման և այդ կարգավիճակին պատշաճ վերահսկման միջոցով։
|