| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը Երևանի կանաչապատման համար մատակարարում է արժեքավոր՝ գիհի վիրգինյան, սոսի արևելյան և կենսածառ արևելյան ծառատեսակներ: 2021թ. ինստիտուտը շահել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կարիքների համար ծառերի և թփերի մատակարարման տենդերը՝ 4 մլն 640 հազար դրամ գումարով: 2020-2021թթ. իրացվել են շուրջ 1500 հատ տարբեր ծառաթփերի տնկիներ՝ 1մլն 160 հազար դրամ գումարով: Ինստիտուտի գիտական խումբը՝ Խաչատուր Մայրապետյանի ղեկավարությամբ պարզել է, որ անհող պայմաններում 1 քառակուսի մետրից կարելի է ստանալ գիհու 11-12 և սոսու մինչև 18 հատ ստանդարտին համապատասխանող տնկիներ՝ դրանց ստացման ժամկետը կրճատելով 1-2 տարով: Ինստիտուտի մյուս ձեռքբերումներից է բույսերի անհող աճեցման կենսատեխնոլոգիաների մշակումը, որոնց արտադրության մեջ ներդնումը հնարավորություն է տալիս երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա կազմակերպել արժեքավոր և հազվագյուտ բույսերի արդյունաբերական արտադրություն: Ինստիտուտում, առաջին անգամ, ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Թադևոսյանի ղեկավարությամբ կառուցվել և փորձարկվել են NFT ուղղաձիգ և հորիզոնական, ուղղաձիգ աէրոպոնիկ, խորը ջրային (DWC) և ակվապոնիկ փոքրաչափ հիդրոպոնիկ ցուցադրական մոդուլներ, որոնք թույլ են տալիս ապացուցել, որ ցանկացած տարածքի և մակերևույթի վրա հնարավոր է կազմակերպել բույսերի անհող մշակություն և ապահովել դրանց բարձր արդյունավետություն: «Ընդհանրապես, հիդրոպոնիկ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բույսերն աճեցնել սովորական երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա, նվազագույնի հասցնել ջրի, հանքային աղերի և մարդկային ռեսուրսի օգտագործումը: Հիդրոպոնիկան դիտարկվում է որպես առաջիկա տարիներին սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդրի պոտենցիալ լուծում: Շատ երկրներ գիտակցում են իրենց կախվածությունը սննդամթերքի ներմուծումից և, հետևաբար, շեշտը դնում են ներքին և տեղական արտադրությունների վրա»,- ասաց Աննա Թադևոսյանը: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի «Բույսերի անհող մշակույթի ֆիզիոլոգա-կենսաքիմիական ու ագրոքիմիական հիմունքների և հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակումը» գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրի շրջանակներում: Աննա Թադևոսյանը նշեց, որ ինստիտուտում ուսումնասիրվել է Հայաստանի կլիմայական պայմաններում աճող վայրի և մշակովի, ինչպես նաև Չինաստանից ներմուծված միամյա օշինդրի (Artemisia annua L.) դեղահումքի տաք ջրային էքստրակտի հակաքաղցկեղային ակտիվությունը: «Պարզվել է, որ հողային բույսերը բարձր ցիտոտոքսիկություն են ցուցաբերել HeLa և ցածր ցիտոտոքսիկություն՝ թոքային առողջ բջջային գծերի վրա»,- ասաց Աննա Թադևոսյանը: Այս ուսումնասիրությունն իրականացվել է երիտասարդ գիտնական, ասպիրանտ Թերեզա Գասպարյանի կողմից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ստեփան Մայրապետյանի ղեկավարությամբ: Ուսումնասիրությունն իրականացվել է «Միամյա օշինդրի (Artemisia annua L.) ցիտոտոքսիկ ազդեցության ուսումնասիրությունը առողջ և քաղցկեղային բջիջների վրա», ծրագրի շրջանակներում, որը հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի» կողմից: |