Трибуна молодого ученого
Զարինե Սիմոնյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Զարինե Սիմոնյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։

Նա ներկայացրել է «Room Temperature Detection of Hydrogen Peroxide Vapor by Fe2O3:ZnO Nanograins» հոդվածը, որը տպագրվել է բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող «Nanomaterials» ամսագրում։ Հոդվածի հեղինակներն են ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտից տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Միքայել Ալեքսանյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Սայունցը, գիտաշխատողներ Գևորգ Շահխաթունին, Զարինե Սիմոնյանը, Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանից Հայկ Կասպարյանը և պրոֆեսոր Դյուշան Կոպեսկին։

«Մեզ հաջողվել է պարզ և էժան տեխնոլոգիայով պատրաստել սենյակային ջերմաստիճանում աշխատող ջրածնի պերօքսիդի գոլորշիներ հայտնաբերող սենսոր, որն ունի բարձր զգայունություն, կրկնելիություն, արձագանքման և վերականգման արագ ժամանակներ և բարձր ընտրողունակություն։ HPV սենսորը հիմնված է Fe2O3:ZnO նանոկոմպոզիտային նյութի վրա։ Կատարել ենք սենսորի պարամետրերի հետազոտման աշխատանքներ տարբեր աշխատանքային ջերմաստիճաններում», - ներկայացրեց Զարինե Սիմոնյանը։ 

Ջրածնի պերօքսիդն օգտագործվում է որպես օքսիդացնող, սպիտակեցնող և հակասեպտիկ միջոց։ «Սենսորների մշակումը, որը նախատեսված է ջրածնի պերօքսիդի գոլորշիներ հայտնաբերելու համար, մեծ նշանակություն ունի արտաշնչած գազերի, ինչպես նաև սննդի որակի և անվտանգության մշտադիտարկման համար», - ասաց Զարինե Սիմոնյանը:

Երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված ծրագրերն ապահովում են գիտական ակտիվություն։ «Դրանք ոգեշնչող են և օգտակար։ Հետաքրքիր է մասնակցելու ընթացքը, արդյունքներին սպասելը, ուրախանալը, հպարտանալը։ Նմանատիպ զգացողությունները բարձրացնում են աշխատասիրության մակարդակը», - նշեց Զարինե Սիմոնյանը։

Զարինեն կարևորում է պետության աջակցությունը գիտության ոլորտում․ «Վերջին տարիներին պետության կողմից գիտության ոլորտին հատկացվում է ֆինանսավորում, որից օգտվել ենք նաև մենք՝ շահելով մի շարք խոշոր դրամաշնորհներ»։

Զարինե Սիմոնյանը համահեղինակել է 10 գիտական հոդված, որից 7-ն ընդգրկված են «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում (Q1 և Q2 դասի)՝ «Chemosensors», «Nanomaterials», «ACS Omega», «ACS Appl. Electron. Mater.», «Measurement: Sensors», ANSN:

Մասնագիտության հարցում Զարինեն կողմնորոշվել է դեռ դպրոցական տարիներին․ «Այդ ժամանակ հակված էի երկու ուղղության՝ ֆիզիկա-մաթեմատիկա կամ արվեստ՝ նկարչություն։ Ընտրեցի առաջինը՝ զուգահեռ զբաղվելով նաև նկարչությամբ։ Իմ մասնագիտությունը պահանջում է մշտապես զարգացնել գիտելիքները և շարժվել համաշխարհային գիտական գործընթացներին համահունչ։ Քանի որ ոլորտը բազմաշերտ է, յուրաքանչյուր հմտություն կարևոր է՝ սկսված ծրագրավորումից, լեզուների իմացությունից մինչև սոցիալական հարթակների կառավարման կարողություններ, ավարտված թվային նկարչությամբ և 3D մոդելավորմամբ։ Մեծ և տեսանելի արդյունքը կազմված է փոքր քայլերից։ Ըստ իս՝ նպատակային փոքր քայլերն են բերում մեծ առաջընթացի։ Եվ հաջողության հասնելու համար մեր օրերի գիտնականը պետք է լինի ստեղծագործ, աշխատասեր, ունենա ինքնակրթման կարողություն և մշտապես աճելու ցանկություն»։ 

Զարինեն ունի մի շարք նախասիրություններ՝ գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն, սպորտ, ֆիլմեր և գրականություն։ Վերջին ընթերցած գիրքն է Սայակա Մուրատայի «Կոնբինիի մարդը»։ «Նախընտրում եմ սարսափ, դետեկտիվ, հակաուտոպիա, ռեալիզմ, երբեմն նաև ռոմանտիկ ժանրի գրքեր», - ասաց Զարինե Սիմոնյանը։ 

Մոնիկա Երիցյան