| ||||||||
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Բելգիայի միջուկային հետազոտությունների կենտրոնի (SCK CEN) գիտաշխատողներն իրականացրել են ConFlat-տեսակի կցաշուրթերի միացումների վերլուծում և փորձարարական հետազոտում։ ConFlat-տեսակի կցաշուրթերն ապահովում են համակարգերի գերբարձր վակուումային հերմետիկացում և ամենակիրառվողն են արագացուցչային և տիեզերական տեխնոլոգիաներում։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Արագացուցչային և տիեզերական տեխնոլոգիայում կիրառվող գերբարձր վակուումային ConFlat տեսակի կցաշուրթերի միացումների վերլուծումը և փորձարարական հետազոտումը» (The analysis and experimental research of ultrahigh vacuum ConFlat-type flange joints applied in accelerator and space technology) հոդվածում, որը տպագրվել է «Journal of Instrumentation» ամսագրում։ Այս աշխատանքով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի «Վակուումային տեխնոլոգիաներ» լաբորատորիայի ղեկավարի ժ/պ Ալբերտ Դավթյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։ «Նմանատիպ ծրագրերը խրախուսում են երիտասարդ գիտնականներին, մոտիվացնում առաջ շարժվելու և ստեղծում են մի հարթակ, որի շնորհիվ նոր ծանոթություններ և կապեր են ձեռք բերվում», - նշում է Ալբերտ Դավթյանը։ Հոդվածի համահեղինակներն են «ՔԵՆԴԼ» ՍՀԻ ասպիրանտ Համլետ Իսունցը, SCK CEN Բելգիայի միջուկային հետազոտությունների կենտրոնի տ.գ.թ. Վլադիմիր Դեխտյարովը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ ֆ.մ.գ.թ. Աշոտ Վարդանյանը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տ.գ.դ. Վարդան Ավագյանը և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ կրտսեր գիտաշխատող Տիգրան Մկրտչյանը։ Ալբերտ Դավթյանը պատմում է․ «Ուսումնասիրելով ոլորտի հիմնախնդիրները, առկա միջազգային գրականությունը՝ հասկացա, որ տվյալ ուղղությամբ հետազոտությունները քիչ են: Կատարված համակարգչային մոդելավորումներն ու փորձերի արդյունքները միմյանց չէին համապատասխանում։ Բազմակի օգտագործվում են ConFlat տեսակի կցաշուրթերի Wheeler-ի և CERN-ի մոդելները, որոնք կիրառվում են համաշխարհային հայտնի արագացուցչային կենտրոններում։ Դրանք մի քանի հերմետիկացում-ապահերմետիկացումից հետո կորցնում են իրենց նախնական հերմետիկացման հատկությունները, որի պատճառը բավականաչափ ուսումնասիրված չէ։ Մեր աշխատանքի գիտական նորույթն այն է, որ առաջին անգամ ստացվել են կցաշութերի դեֆորմացնող եզրերի պլաստիկ դեֆորմացիաների բաշխվածությունները, որոնց առկայությունն էական սահմանափակում է դնում դրանց բազմակի օգտագործման համար։ Նաև դիտարկվել են դրանց հերմետիկացման համար միջազգայնորեն սերտիֆիկացված հեղյուս-մանեկային միացության համար նախատեսված անցքերի չափերն ու քանակը, որոնց թերությունները ևս քննարկված են աշխատանքում, և դրանք բացառելու համար մշակվել են համապատասխան տեխնիկական հանձնարարականներ։ Բացատրություն ենք տվել նաև Wheeler-ի և CERN-ի մոդելների դեպքում կցաշուրթերի դեֆորմացնող եզրերի ներխրման արդյունքում առաջացող բացակին, որը գերբարձր վակուումային համակարգերի համար գազանջատման աղբյուր է։ Այս աշխատանքում ստացել ենք համակարգչային մոդելավորման ու փորձարարական հետազոտությունների արդյունքների մեծ ճշգրտությամբ համապատասխանություն։ Տվյալ հետազոտական թեման շարունակական է. դրա շրջանակում նախատեսում ենք ստանալ նոր երկրաչափությամբ մի մոդել, որը չի ունենա միջազգայնորեն սերտիֆիկացված, ամենատարածված մոդելների թերությունները ու կփոխարինի համաշխարհային ամենահայտնի արագացուցիչներում առկա մոդելներին»։ Ալբերտ Դավթյանը մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ, մեքենագետ է։ «Ամենաշատն ինձ գրավում է ամեն օր լրիվ նորի հետ բախումը։ Օրեցօր նոր մարտահրավերներ ստանալով՝ հետաքրքիր երևույթներ ես ուսումնասիրում ու բացահայտում, գիտափորձեր իրականացնում, որոնք էլ քեզ գցում են նոր հարցերի և դրանց պատասխանների որոնման շրջապտույտի մեջ։ 22 տարեկանում ստացա գյուտի արտոնագիր, ինչն ինձ համար զարմանալի փաստ էր։ Հիմա եմ հասկանում, որ մեծ ցանկության, նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ ամեն ինչի հնարավոր է հասնել։ Կարևոր է գիտակցել, թե ինչ կարող ես քաղել անհաջողություններից՝ առավել ևս գիտության ոլորտում։ Ինչպես ասում են՝ «Ձախողված փորձը նույնպես փորձ է»», - նշում է Ալբերտ Դավթյանը։ Նա հեռանկարային է համարում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը, քանի որ այն հնարավորություն կտա աշխատելու նոր միջավայրում կամ նոր գիտական խմբերի հետ՝ զարգացնելով երիտասարդ գիտնականի աշխարհայացքն ու հմտությունները։ Նաև կարևորում է գիտական նախաձեռնությունների գործունեությունը։ ««Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնություններ նվիրյալ աշխատանք են կատարում, գիտական նորություններն ու հնարավորությունները զանգվածային տարածում են ստանում, բարձրացնում են մարդկանց տեղեկացվածության մակարդակը և երիտասարդ գիտնականների խոսքն ու կատարած առաջին քայլերը տեսանելի են դարձնում մեծ լսարանի համար», - նշում է Ալբերտ Դավթյանը։ Երիտասարդ գիտնականն առաջնորդվում է՝ «Տեսնում եմ նպատակ, չեմ տեսնում խոչընդոտներ, հավատում եմ ինքս ինձ» կարգախոսով։ Ալբերտ Դավթյանը 13 գիտական հրապարակումների հեղինակ է, որոնցից 3-ը հրապարակված են «Scopus» և «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ցանկերում ներառված ամսագրերում։ Ներկայում ներգրավված է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2023»-ում, որը 3 տարի տևողությամբ է։ Նա նաև մասնակցում է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» շրջանակներում իրականացվող ծրագրերում։ |