| ||||||||
Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Հունանյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող երկու մրցույթի շահառու։ Առաջին՝ «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթում», Արեգ Հունանյանը շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար: Նա ներկայացրել է «Computational Search and Stability Analysis of Two-Dimensional Tin Oxides» («Երկչափ անագի օքսիդների հաշվարկային որոնումը և կայունության ուսումնասիրությունը») հոդվածը, որը տպագրվել է «The Journal of Physical Chemistry C» ամսագրում։ Հոդվածի համահեղինակներն են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը։ Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը և կարևորությունը: - Կանխատեսվել է նոր կայուն նյութ՝ երկչափ Sn2O3-ը (անագի օքսիդ)։ Էվոլյուցիոն ալգորիթմի միջոցով կատարվել է հաշվարկային որոնում երկչափ անագի օքսիդների համակարգում, որից հետո կանխատեսված նյութերի համար կատարվել է արտաքին տարբեր պայմանների դեպքում կայունության ուսումնասիրություն։ Արդյունքում նշված համակարգում ստացվել են կայուն՝ SnO, Sn3O4, Sn2O3 և SnO2 նյութերը և մետակայուն Sn3O5-ը։ Այս նյութերից Sn2O3-ը և մետակայուն Sn3O5-ը նախկինում նշված չեն եղել գրականության մեջ։ Ուսումնասիրվել է նյութի կիրառական նշանակությունը և ստացվել, որ Sn2O3-ը կարող է կիրառվել որպես ջրածնի պերօքսիդի գազային սենսոր։ Այդպիսի սենսորները մեծ նշանակություն ունեն, քանի որ բարձր կոնցենտրացիաների դեպքում ջրածնի պերօքսիդը վտանգ է ներկայացնում կենդանի օրգանիզմների համար, և միջավայրում այդ գազի քանակի ճշգրիտ գրանցումը կարևոր խնդիր է։ Տեսականորեն ուսումնասիրվել է նաև տարբեր տակդիրների (այն նյութերի, որոնց վրա հնարավոր է աճեցնել նյութը) հետ փոխազդեցությունը, ինչի արդյունքում ստացվել է, որ Sn2O3 աճեցման համար կարող է օգտագործվել հեքսագոնալ բորի նիտրիդը։ Այս և նմանատիպ աշխատանքները հնարավորություն են տալիս տեսականորեն կանխագուշակել նոր նյութեր և կատարել ֆիզիկական տարաբնույթ գործընթացների տեսական ուսումնասիրություններ, ինչը փորձարարական հետազոտությունների համար մեծ դժվարություն է ներկայացնում։ Արեգ Հունանյանը ճանաչվել է նաև «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների (software package) գնման մրցույթի» շահառու։ Գիտական խումբը մրցույթին դիմել է VASP (Vienna Ab-initio Simulation Package) ծրագրային փաթեթի թարմացման համար։ VASP-ն առաջնային սկզբունքներով (ab-initio) քվանտային մեխանիկայի հաշվարկներ իրականացնելու համար նախատեսված փաթեթ է: Ի՞նչ աշխատանք եք նախատեսում իրականացնել և ովքե՞ր են մասնակցելու այդ աշխատանքներին։ - VASP-ը նյութերի հատկությունները հաշվարկելու համար օգտագործվող ծրագրային գործիքներից ամենաարագն ու ամենաճշգրիտն է։ Այն հնարավորություն է տալիս առաջնային սկզբունքներով ուսումնասիրել այնպիսի առանցքային հատկություններ, ինչպիսիք են գոտիական կառուցվածքը, իոնային հաղորդականությունը և այլն։ VASP ծրագրային փաթեթից օգտվելու հնարավորություն կունենա 6 մասնագետ, բոլորը՝ նյութագիտության ոլորտից։ Աշխատանքներն իրականացվում են Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում։ Ի՞նչ արդյունք եք ակնկալում ստանալ և ո՞րն է լինելու դրա կարևորությունը։ - Այժմ լաբորատորիայում իրականացվում են պինդ մարմնային էլեկտրոլիտների հաշվարկային որոնման և հատկությունների ուսումնասիրման հետազոտություններ։ Պինդ մարմնային էլեկտրոլիտների հետ կապված մեր հետազոտություններում VASP-ի նոր տարբերակների կիրառման արդյունքում կկարողանանք իրականացնել նոր նյութերի արագացված որոնում։ Նաև հնարավոր կլինի ավելի ճշգրիտ և արագ հաշվարկել իոնային հաղորդականությունը և այլ հատկություններ։ Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ մրցույթները երիտասարդ գիտնականների համար: - Դրանք ոգեշնչող են։ Դրամաշնորհներ և մրցանակներ շահելը բարձրացնում է վստահությունը, երիտասարդ գիտնականներին հնարավորություն տալիս իրականացնել իրենց հետազոտական ծրագրերը: Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։ - Հաշվարկային նյութագիտությունն ընտրեցի ոլորտի ուշագրավության պատճառով։ Համակարգչային սիմուլյացիաների միջոցով նյութերի հատկությունները հաշվարկելը և նոր նյութերի հայտնաբերումը հնարավորություն է տալիս նորովի հասկանալ և զարգացնել նյութագիտության ոլորտը: Այս ոլորտը հիանալի կերպով համընկնում է գիտության և տեխնիկայի հանդեպ իմ հետաքրքրվածության հետ: Ներկայում ունեմ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում ընդգրկված 4 հոդված, որոնցից 3-ը՝ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)»-ում, 1-ը՝ ամերիկյան «The Journal of Physical Chemistry C»-ում։ Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ: - Ձեռք բերած կարևոր գիտական արդյունքներից մեկը ջրածնի պերօքսիդի (H2O2) գրանցման համար նոր երկչափ նյութի հայտնաբերումն է: Նյութը H2O2-ի հայտնաբերման համար ունի բարձր զգայունություն ու ընտրողունակություն: Այս բացահայտումը կարող է զգալի նշանակություն ունենալ տարբեր ոլորտներում՝ դրա հնարավոր կիրառության շնորհիվ: Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում: - Երիտասարդ գիտնականները բախվում են մի շարք մարտահրավերների հետ, այդ թվում՝ սահմանափակ ֆինանսավորման, ռեսուրսների և առաջադեմ տեխնոլոգիաների սակավության, միջազգային համագործակցությունների ձևավորման դժվարության, հնացած հետազոտական ենթակառուցվածքի, բյուրոկրատական բարդությունների հետ։ Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ․ պետական ֆինանսավորման ավելացում, միջազգային համագործակցություն, մրցունակ աշխատավարձ։ Բյուրոկրատական խոչընդոտների վերացումը ևս կարևոր խնդիր եմ համարում։ Այս խնդիրների լուծումը կարող է ստեղծել առողջ գիտական միջավայր, որտեղ երիտասարդ գիտնականները կարող են զարգանալ և էականորեն նպաստել Հայաստանի զարգացմանը: Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: - Պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին Հայաստանում առաջընթաց է արձանագրել, սակայն շարունակում է առերեսվել մարտահրավերների: Թեև ջանքեր են գործադրվել հետազոտական ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, դեռ կա բարելավման անհրաժեշտություն: Պետության կողմից խնդիրների լուծումը կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որը խրախուսում է նորարարությունը և տաղանդների պահպանումը: Բացի մասնագիտականից, ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ Ձեր ոլորտում: - Ոլորտը բազմաշերտ է։ Այստեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են գիտելիքներ ծրագրավորումից, ֆիզիկայից և քիմիայից։ Ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամությունը շատ կարևոր է, քանի որ ոլորտն արագ զարգանում է և անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաներին և գիտական նորություններին զուգահեռ քայլել: Անհրաժեշտ են ստեղծագործական ունակություններ, թիմային աշխատանքի կարողություններ և նախագծերի կառավարման հմտություններ՝ հետազոտության առաջընթացն ապահովելու համար: Ո՞րն է Ձեր գիտական գործունեության ընթացքում ամենատպավորիչ իրադարձությունը։ - Տպավորիչ էր անցյալ տարի Լոզանում տեղի ունեցած «Psi-K» գիտաժողովը, որին մասնակցեցի պաստառով։ Ինչ վերաբերում է բուն հետազոտական գործընթացին, ամենատպավորիչ իրադարձությունն այն էր, երբ հաջողությամբ բացահայտվեց երկչափ անագի օքսիդի նոր կառուցվածքը։
Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գիտնականը։ - Ժամանակակից գիտնականը պետք է մարմնավորի հետաքրքրասիրությունը, ունենա իր կարծիքը, լինի անկախ և սեփական համոզմունքներին հավատարիմ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունի Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը։ - Հայաստանում PostDoc համակարգի ներդրումը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն դրա հաջողությունն ապահովելու համար: PostDoc-ի համար հստակ ուղեցույցներ են անհրաժեշտ՝ ներառյալ տևողությունը և պարտականությունները: Խնդրին պետք է մոտենալ լրջորեն և հաշվի առնել բոլոր բաղադրիչները, որպեսզի PostDoc համակարգը նպաստի գիտական առաջընթացին և նորարարությանը։ Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժը» և այլ գիտական նախաձեռնությունները: - «Գիտուժը» և նմանատիպ գիտական նախաձեռնություններն առանցքային դեր են խաղում Հայաստանում գիտության զարգացման և հանրայնացման գործում, նպաստում գիտության վարկանիշի բարձրացմանը։ Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ - Ունեմ նաև երաժշտական կրթություն, սիրում եմ ֆլեյտա նվագել, զբաղվում եմ սպորտով։ Նախընտրում եմ փիլիսոփայական թեմաներով և հակաուտոպիա ժանրի գրականությունը, ինչպիսիք են Օրուելի, Մարկեսի, Բրեդբերի, Հաքսլիի, Բուլգակովի, Կաֆկայի գործերը։ Կբնութագրե՞ք Ձեզ մեկ նախադասությամբ: - Ինձ համարում եմ հետաքրքրասեր մարդ, ով ցանկացած հարց փորձում է ամբողջությամբ և տարբեր տեսանկյուններից դիտարկել և գտնել օպտիմալ լուծումները։ Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: - Հավատարիմ փոքր քայլերով՝ դեպի նպատակի իրականացում։ |