| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Սերոբյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։ Վահրամ Սերոբյանը մրցույթում շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Ներկայացրել է «Aramazdospirifer orbelianus (Abich, 1858) n. comb., a new cyrtospiriferid brachiopod genus and a biostratigraphically important species from the lower Famennian (Upper Devonian) of Armenia» հոդվածը։ Այն տպագրվել է «Comptes Rendus Palevol» ամսագրում, որը Q1 կատեգորիայի էլեկտրոնային և գրախոսվող ամսագիր է` նվիրված հնէաբանությանը և էվոլյուցիային վերաբերվող մի շարք այլ գիտությունների: Աշխատանքի համահեղինակներն են Ֆրանսիայի Լիլի համալսարանի պրոֆեսորներ Տանիել Դանելիանը, Քեթրին Քրոնիեն, Բելգիայի բնական գիտությունների թագավորական ինստիտուտի հնէաբանության դեպարտամենտի անդամ, հնէաբանական գիտությունների թեկնածու Բերնարդ Մոտեկինը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հնէաբանության և շերտագրութան լաբորատորիայի վարիչ Արայիկ Գրիգորյանը։ Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը, կարևորությունն ու արդիականությունը: - Հոդվածում առաջին անգամ ուսումնասիրվել և ցուցադրվել են «Spirifer orbelianus Abich, 1858» բրախիոպոդի տեսակի ներքին կառուցվածքը և արտաքին միկրոկառուցվածքային առանձնահատկությունները: Այս տեսակն էնդեմիկ է և հանդիպում է միայն Հայաստանում՝ ստորին Ֆամենում (շուրջ 370 միլիոն տարի) նստվածքային առաջացումներում: Ուսումնասիրությունը նշանակություն ունի բրախիոպոդների տարբեր ընտանիքների միջև կապն ու դրանց էվոլյուցիան հասկանալու համար: Քանի որ այս տեսակը հանդիպում է միայն վաղ Ֆամենի ընթացքում և շատ առատ է նստվածքային ապարներում, այն ունի մեծ կենսաշերտագրական նշանակություն: Այլ կերպ ասած, եթե Հայաստանի տարածքում, հիմնականում Վայոց Ձորի մարզում, մենք որևէ տեղամասի նստվածքներից գտնենք այս տեսակին պատկանող որևէ բրախիոպոդի խեցի, ապա վստահորեն կարող ենք պնդել, որ այդ տեղամասի նստվածքային առաջացումներն ունեն շատ հին ծագում՝ շուրջ 370 միլիոն տարի և կարելի է վստահորեն ասել, որ այդ ժամանակ տվյալ տեղամասը եղել է նախկինում գոյություն ունեցող Թետիս օվկիանոսի մի մաս: Այսինքն, ներկայում չունենալով ելք դեպի ծովեր և օվկիանոսներ, մենք կարող ենք ուսումնասիրել նախկինում եղածները, որոնք պալեոզոյի ընթացքում՝ 382.7-251 միլիոն տարի առաջ, ծածկում էին Հայաստանի ներկա տարածքի մի մասը, ինչպես նաև դրանցում բնակված օրգանիզմներն ու դրանց էվոլյուցիան: Աշխատանքում մենք բացահայտել ենք գիտությանը նախկինում անհայտ բրախիոպոդի մի նոր մոնոսպեցիֆիկ ցեղ (=genus), որը հանդիպում է միայն Հայաստանի տարածքում և այն անվանել ենք «Aramazdospirifer»։ Անվանումը տրվել է ի պատիվ Արամազդի, ով համարվում է նախաքրիստոնեական հայկական դիցաբանության գերագույն Աստվածը՝ բոլոր Աստվածների հայրը։ Աշխատանքն արդիական է․ կլիմայի մոդելավորումն օգտակար գործիք է գլոբալ տաքացման պատճառներն ու կլիմայական փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար։ Միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա բնակված օրգանիզմների մասին գիտելիքները չափազանց կարևոր են ներկա և ապագա կլիմայական փոփոխությունները և էկոլոգիական աղետները հասկանալու համար: Այս տեսանկյունից կենսական նշանակություն ունի հատկապես Դևոնի ժամանակշրջանը՝ 419.2-358.9 միլիոն տարի առաջ։ Այն նշանավորվում է օրգանական աշխարհի բարձր կենսաբազմազանությամբ, նոր օրգանիզմների էվոլյուցիայով, ինչպես նաև Երկրի կլիմայական համակարգի արագ և զգալի փոփոխություններով: Վերին Դևոնի ընթացքում տեղի ունեցած կենսաբազմազանության և կլիմայական փոփոխությունների և մասսայական ոչնչացման ուսումնասիրության գործում բրախիոպոդները փայլուն ինդիկատորներ են: Այդ պատճառով ամբողջ աշխարհում գիտնականների հետաքրքրությունն ուշ Դևոնյան բրախիոպոդների նկատմամբ գնալով աճում է։ Ի՞նչ նշանակություն ունեն ԵԳԱԾ-ի ծրագրի նման ծրագրերը երիտասարդ գիտնականների համար: - Ֆրանսիայում այն գիտաշխատողները, ովքեր չեն դասավանդում և զբաղվում են միայն գիտությամբ, ամեն տարի պետք է առնվազն երկու հոդված հրապարակեն ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում։ Իսկ նրանք, ովքեր և՛ դասավանդում են, և՛ զբաղվում են գիտությամբ, պետք է հրապարակեն առնվազն մեկ գիտական հոդված: Հայաստանում նման չափանիշներ դեռ չկան: Սա հանգեցրել է այնպիսի միջավայրի ձևավորման, որտեղ գիտնականների մի մասը մոտիվացված չէ հրապարակելու հոդվածներ: Նման ծրագրերը նպաստում են մրցակցային դաշտի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր գիտնական փորձում է լինել առավել արդյունավետ։ Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։ - Երբ 15 տարեկան էի, հորեղբայրս՝ հայտնի փորագետ երկրաբան Կարապետ Վարդանյանը, ինձ պարբերաբար հրավիրում էր Սիսիան՝ մասնակցելու ոսկու հանքերևակումների որոնողական և հետախուզական աշխատանքների։ Առաջին անգամ այնտեղ ստոգետնյա լեռնային փորվածքներում, համեմատաբար ժամանակակից նստվածքներում, կրծող կենդանիների ոսկորների մնացորդներ տեսա: Ավագ գործընկերներից տեղեկացա, որ այդ կենդանիների միջոցով կարելի է վերականգնել տվյալ տեղամասի երկրաբանական անցյալը, պարզել, թե ինչպիսին է եղել այդտեղի կլիման հազարավոր տարիներ առաջ: Սկսեցի հետաքրքրվել հնէաբանությամբ և ընդունվեցի Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ: Բակալավրի աստիճանը ստանալուց հետո զորակոչվեցի բանակ: Երկու տարի անց վերադարձա և ընդունվեցի մագիստրատուրա: Երկրորդ կուրսում հրավեր ստացա ուսումը շարունակելու Ֆրանսիայի Լիլի համալսարանում և երբ տեղեկացա, որ հիմնական ուղղվածությունը հնէաբանությունն ու հնակենսաբազմազանությունն է, սիրով համաձայնեցի: Ֆրասիայում մեկ տարի սովորելուց հետո վերադարձա Հայաստան և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից աշխատանքի առաջարկ ստացա: Հենց այդտեղից էլ սկսվեց իմ՝ հնէաբանի գիտական ճանապարհը: Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ: - Հայտնի հայ գիտնականներից Մարիետա Աբրահամյանը, ուսումնասիրելով Հայաստանի և Նախիջևանի բրածոները, 1974 թվականի աշխատանքում բացահայտել էր գիտությանն անհայտ բրախիոպոդի մի տեսակ: Այս տեսակը բացառիկ կենսաշերտագրական և հնակենսաշխարհագրական նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար: Ի պատիվ մեր երկրի՝ նա այդ տեսակն անվանել էր «armenicus» (ամբողջական անվանումը՝ «Cyrtiopsis senceliae armenicus» Abrahamyan, 1974): Սակայն հետագայում մի շարք ադրբեջանցի հնէաբաններ, գտնելով Աբրահամյանի կողմից առաջարկված նույն «armenicus» տեսակը Նախիջևանում, սկսեցին պնդել, որ Նախիջևանում գտնվածը «armenicus»-ի հետ կապ չունի և անվանեցին դա «caucasia»: Բացի այդ, նրանք իրենց աշխատանքներում նշում էին, որ Նախիջևանում «armenicus» տեսակը չի հանդիպում և որ վերջինս չունի կենսաշերտագրական նշանակություն: Այդպիսով, արհեստական ձևով փորձ էր արվում իջեցնել Աբրահամյանի աշխատանքի կարևորությունը: 2022 թվականին «Journal of Paleontology» միջազգային ամսագրում լույս տեսավ մեր նոր հոդվածներից մեկը: Ես և իմ ֆրանսիացի ու բելգիացի գործընկերները գիտականորեն ապացուցեցինք, որ Աբրահամյանի կողմից ներկայացված բրախիոպոդի տեսակը վալիդ տեսակ է, նրա անվանումն է «armenicus», և որ այն գտնվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Նախիջևանում: Հոդվածում մենք նաև ապացուցեցինք, որ «caucasia» անվանումն օգտագործելը սխալ է, քանի որ դա նույն «armenicus»-ն է: Ես հենց այս աշխատանքն եմ համարում ամենակարևորը, քանի որ մենք կարողացանք մեր ներդրումն ունենալ հայ գիտնականների միջազգային վարկանիշի պահպանման ու բարձրացման գործում: Բացի այդ, մեզ հաջողվել էր հայտնաբերել գիտությանն անհայտ բրախիոպոդի մի նոր տեսակ, որը ներկայացրինք 2022 թվականին այդ նույն հոդվածում և անվանեցինք այն ի պատիվ Մարիետա Աբրահամյանի՝ «abrahamyanae» (ամբողջական անվանումը «Pentagonospirifer abrahamyanae» Serobyan et al. 2022): Քանի՞ հրապարակումներ ունեք, այդ թվում՝ արտասահմանյան ամսագրերում: - Գիտական հոդվածներ սկսել եմ հրապարակել 2019 թվականից, երբ ստացա դաշտային և լաբորատոր հետազոտությունների իմ առաջին տվյալները: 2019-2022 թվականների ընթացքում հեղինակել եմ 10 գիտական հոդված, որից 3-ը՝ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում: 2023 թվականի ընթացքում նախատեսում եմ հրապարակել առնվազն 5 հոդված, որից 4-ը՝ ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում։ Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: - Այժմ շատ բարձր եմ գնահատում, քանի որ գիտական ծրագրերին տրամադրվող գումարների աննախադեպ աճ կա վերջին 1-2 տարվա ընթացքում: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գիտնականը։ - Նպատակասլաց, ճկուն, քանի որ հետազոտության մեթոդներն ու տեխնոլոգիաները շատ արագ են փոխվում: Ժամանակակից գիտնականը նաև պետք է լինի փիլիսոփա, տիրապետի օտար լեզուների։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման հետ կապված: - Ըստ իս՝ PostDoc-ի կարևորությունը հաճախ թերագնահատվում է Հայաստանում: Սա պակաս կարևոր չէ, քան, օրինակ, ասպիրանտուրան կամ մագիստրատուրան։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո, երբ ընտրված գիտական թեմայի շրջանակներում թեկնածուի առջև դրված գիտական հարցերը ստանում են իրենց պատասխանները և ավարտվում է կրթաթոշակը, թեկնածուները շատ հաճախ դժվարությունների են բախվում: Գրեթե բոլորի մոտ առաջանում են այս հարցերը՝ ի՞նչ անել հետո, արդյո՞ք պետք է շարունակել ասպիրանտուրայի թեման, որտեղի՞ց ֆինանսավորում գտնել գիտական թեմայով զբաղվելու համար: PostDoc-ի ներդրումն ասպիրանտներին կողմնորոշվելու և իրենց դրսևորելու հնարավորություն կարող է տալ: Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: - «Գիտուժ»-ի դերակատարման մասին կարելի է երկար խոսել, քանի որ նրանք բազմապրոֆիլ աշխատանք են կատարում: Ինքս հետևում եմ իրենց գործունեությանը և այն բարձր եմ գնահատում: «Գիտուժ»-ի կայքում «Հաճախ տրվող հարցեր» բաժնում կա ենթապատուհան՝ «Ի՞նչ արդյունավետ ծրագրեր է հնարավոր իրականացնել այս տարվա գիտությանը հատկացումների ավելացումով»։ Այդտեղ կա 5 ծրագրի օրինակ, որոնց իրականացման միջոցով հնարավոր է ունենալ կոնկրետ արդյունքներ: Այդ 5 ծրագրերից ուզում եմ առանձնացնել երկուսը՝ «Գիտնականների հայրենադարձություն և ներգաղթ» և «Հեռակա գիտական ղեկավար (Remote PI)»։ Մենք այն եզակի ազգերից ենք, որի ներկայացուցիչների մեծ մասը բնակվում է հայրենիքից դուրս, և արտասահմանում բնակվողների շարքերում հազարավոր գիտնականներ կան: «Գիտուժ»-ի կողմից առաջարկված ծրագրերի միջոցով կարելի է այդ մարդկանց գիտելիքները փոխադրել Հայաստան՝ այդպիսով օգտագործել սփյուռքի իրական ներուժը: Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ - Ֆրասիայում սովորելու և աշխատելու տարիներին անդամագրվել եմ մի շարք հայ-ֆրանսիական հասարակական կազմակերպությունների, որոնք բարեգործական հիմունքներով փորձում են նպաստել Հայաստանի տարբեր մարզերում կրթության և գիտության մակարդակի բարձրացմանը: Ազատ ժամանակ հիմնականում զբաղվում եմ այդ ծրագրերի իրագործմամբ։ Ի՞նչ գրքեր եք կարդում։ - Հիմնականում կարդում եմ արկածային և դետեկտիվ գրականություն: Կարդացել եմ Ջեկ Լոնդոնի, Թոմաս Մայն Ռիդի և Ագաթա Քրիստիի աշխատանքները: Վերջին գիրքը, որը կարդացել եմ և ներկայում իմ ամենասիրելի աշխատանքն է, հայկական արմատներ ունեցող թուրք տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոն-ի գիրքն է՝ «Why nations fail» վերնագրով: Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: - Գիտության առաջընթացը մարդկության առաջընթացն է: |