| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հենրիկ Պարսամյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթի» շահառու։
Ծրագրի շնորհիվ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Նանոգիտության և նանոտեխնոլոգիաների նորարարական կենտրոնի համար ձեռք է բերվել բարձր հաճախային գեներատոր, որը կբարձրացնի քիմիական գոլորշենստեցման սարքի գործառնականությունը։ Այն թույլ կտա պլազմայի միջոցով իրականացնել տարատեսակ նյութերի բարակ թաղանթների սինթեզ։ Հենրիկ Պարսամյանն աշխատանքներն իրականացնում է իր գործընկերների՝ Ավետիս Սիմոնյանի ու Վարդան Հայրապետյանի հետ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մկրտիչ Երանոսյանի ղեկավարմամբ։ «Մեր կենտրոնը համագործակցում է մի շարք գիտական հաստատությունների հետ Հայաստանում և Գերմանիայում», - նշում է երիտասարդ գիտնականը։ Շնորհավորում ենք Ձեզ մրցույթի արդյունքներով շահառու ճանաչվելու կապակցությամբ: Ի՞նչ գիտական արդյունք եք ակնկալում ստանալ, ո՞րն է դրա կարևորությունը: - Վերջին 15 տարիների ընթացքում, ոգեշնչված գրաֆենի հայտնագործմամբ, գիտական հանրության ուշադրությունն են գրավել մեկ կամ մի քանի ատոմական շերտեր պարունակող, այսպես կոչված, երկչափ նյութերը։ Մասնավորապես գրաֆենը, որն իրենից ներկայացնում է մեկ ատոմական շերտ պարունակող, հեքսագոնալ (վեցանկյուն) բյուրեղացանցով ածխածնի ալլոտրոպ (միևնույն քիմիական տարրի տարբեր ձևերով հանդես գալն է, որոնք կարող են տարբերվել բյուրեղային ցանցում ատոմների դասավորվածությամբ)։ Այն ունի բարձր էլեկտրական և ջերմային հաղորդականություն, մեխանիկական ամրություն, ճկունություն, մեծ մակերևույթ-ծավալ հարաբերակցություն և փոքր զանգված։ Սարքի միջոցով նախատեսվում է սինթեզել գրաֆեն և մոլիբդենի դիսուլֆիդի բարակ թաղանթներ, որոնք կօգտագործվեն կենսաբանական սենսորներում և ֆոտոդետեկտորներում։ Պլազմայի միջոցով քիմիական գոլորշենստեցման եղանակով նյութերի սինթեզը կարևորվում է նրանով, որ դրա շրջանակներում ստացված օպտիմալ պարամետրերը՝ վակուումի մակարդակ, ճնշում, ժամանակ, ջերմաստիճան, կիրառելի են նաև կոնվերային արտադրությունում։ Ինստիտուտում և գործընկեր կազմակերպություններում առկա տարատեսակ չափիչ սարքերը թույլ կտան բնութագրել սինթեզված թաղանթները և ամբողջացնել հետազոտությունները։ Ունե՞ք հրապարակումներ արտասահմանյան ամսագրերում: - Scopus» գիտական շտեմարանի ամսագրերում ընդգրկված 10 հոդվածի համահեղինակ եմ։ Հարավային Կորեայի Սեուլի Սոգանգ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Միկրոալիքային ֆոտոնիկայի լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Քիջին Լիի հետ Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: Ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդը զբաղվի գիտությամբ: - Պետությունը վերջին տարիներին էապես ավելացրել է նյութատեխնիկական բազայի թարմացմանը, միջազգային համագործակցությունների աջակցությանն ուղղված միջոցները։ Այս գործոնները կնպաստեն նաև Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը, ինչը շատ ողջունելի է։ Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: - Գիտեմ «Գիտուժ»-ի նպատակների մասին և հետևում եմ նախաձեռնության աշխատանքների ընթացքին։ Գիտական նախաձեռնությունները մեծ դեր են կատարում գիտության ոլորտում խնդիրները վերհանելու գործում։ Ի՞նչ գրքեր եք կարդում։ - Հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն։ Վերջին ոչ մասնագիտական գիրքը, որ կարդացել եմ, Վլադիմիր Ցվետովի «Пятнадцатый камень сада Рёандзи» գիրքն է։ Ճապոնիան ճիշտ բարեփոխումների շնորհիվ դարձել է աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից մեկը, և հեղինակը ներկայացնում է ճապոնացիների աշխարհայացքը, աշխատանքային մշակույթը։ |