| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռազննում բաժնի լաբորանտ-հետազոտող, ասպիրանտ Անահիտ Խլղաթյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող երկու ծրագրերի շահառու է: «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում Անահիտը մեկնելու է Գերմանիա, իսկ «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» շրջանակներում Հայաստանում կատարելու է քաղաքային տարածքներում ջերմային կղզիների ուսումնասիրություն՝ կիրառելով հեռազննման տեխնոլոգիաները: «Նման ծրագրերը երիտասարդ գիտնականների համար նոր գաղափարների գեներացման և մտահորիզոնի մեծացման հնարավորություն են», - ասում է Անահիտ Խլղաթյանը։
Ի՞նչ թեմա եք իրականացնելու «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում, ո՞ւմ հետ եք համագործակցելու: - Վերապատրաստվելու եմ գերմանական «Earth Observation & Environmental Services» (EOMAP) կազմակերպությունում: EOMAP-ը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը «SEVAMOD2-Հայաստանում Սևանա լճի գիտահեն կառավարման գործիքակազմի հզորացում» նախագծի մասնակից կազմակերպություններ են: Հրավիրող կողմը Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեն է, ով SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի ղեկավարն է: Վերապատրաստման այս ծրագիրն օժանդակելու է միջազգային SEVAMOD2 և տեղական «Լեռնային լճերի ջրի որակի տարածաժամանակային փոփոխությունների գնահատում հեռազննման տվյալների մշակման տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրերին և հնարավորություն է տալու ստեղծել Սևանա լճի ջրի որակի հեռազննման մոնիթորինգային գործիք: Իմ թեման վերաբերում է Սևանա լճի ջրի որակի գնահատման համակարգ ստեղծելուն: Վերապատրաստումը հնարավորություն կտա ուսումնասիրել EOMAP կազմակերպության հաջողված փորձը նմանատիպ վեբ-պլատֆորմների մշակման ուղղությամբ (eoApp, eoPortal), տեղում ծանոթանալ նմանատիպ համակարգերի ստեղծման առանձնահատկություններին ու հմտություններին: Արդյունքում ստեղծվելու է արբանյակային նկարներից Սևանա լճի ջրի որակի որոշ պարամետրեր ստանալու դեմո-գործիք:
«Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» շրջանակներում ի՞նչ գիտահետազոտական աշխատանքի համար եք դիմել, ի՞նչ սարքեր կամ նյութեր եք ձեռք բերելու: - Նախատեսվում է ձեռք բերել սարքերի հավաքածու (Регистратор температуры TR-2L (-40…+85)°C, δ≤±0.5(с поверкой)(20 шт), Капсула защитная Thermochron protector(20 шт), Устройтво обслуживания регистраторов автономное Термохрон Аудитор (1шт)), որը կիրառվում է մթնոլորտային օդի ջերմաստիճանը գրանցելու և ջերմաստիճանային տվյալների շարունակական շարք ապահովելու համար: Հավաքածուն օգտագործվելու է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի» 20TTCG-1E009 ծածկագրով «Երկրաէկոլոգիական հետազոտություններում երկրատարածական տվյալների մշակման գործում մեքենայական ուսուցման կիրառման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարվող հետազոտությունների ընթացքում: Սարքերի միջոցով կիրականացվի քաղաքային տարածքների ջերմային դաշտերի հեռազննման մեթոդի ստուգաչափում: Ովքե՞ր են մասնակցելու աշխատանքների իրականացմանը, կա՞ համագործակցություն գիտական այլ կառույցների հետ Հայաստանում և արտերկրում: - Մրցույթին դիմել եմ մեր բաժնի երկու աշխատակիցների հետ համատեղ՝ կենտրոնի լաբորանտ-հետազոտող, առաջին կուրսի ասպիրանտ Գրիգոր Այվազյանի և կենտրոնի լաբորանտ-հետազոտող, բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող Ռիմա Ավետիսյանի: Մեր բաժնի ղեկավարն աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանն է: Հետազոտության շրջանակներում համագործակցելու ենք Իտալիայի Պավիայի համալսարանի հետ:
Ի՞նչ գիտական արդյունք եք ակնկալում ստանալ: - Ակնկալվում է բարելավել ջերմաստիճանային տվյալների միջոցով ներկայում իրականացվող ուսումնասիրությունները և մշակել քաղաքային տարածքում ջերմային պայմանների գնահատման հեռազննման մեթոդ: Կպատմեք՝ ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: - Այս ոլորտում հայտնվել եմ աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաների հանդեպ ունեցած հետաքրքրության շնորհիվ։ Եղել են նաև հիասթափություններ, բայց դրանք կարճատև են։ Այսօր կարող եմ ասել, որ սպասելիքներս առավել քան արդարացված են: Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը, կարո՞ղ է այն փոխարինել Ձեզ Ձեր աշխատանքում: - Դրական եմ վերաբերվում: Մոտ ապագայում, կարծում եմ, այդպիսի բան հնարավոր չէ: Մոնիկա Երիցյան |