| ||||||||
Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականների հետ: Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի գիտաշխատող Աստղիկ Ցոկոլակյանն է: «Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են Հայաստանի նման անցումային երկրների գիտնականների համար՝ արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում գիտական և արդյունաբերական աշխարհի հետ համաքայլ շարժվելու, առաջադեմ գիտական, ինժեներական խմբերի հետ կապեր հաստատելու և զարգանալու առումով», - ասում է երիտասարդ գիտնականը: Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում, ի՞նչ թեմայով: - «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ինձ մասնագիտական վերապատրաստում անցնել աշխարհում հայտնի նանո-կենսա-տեխնոլոգիաների կենտրոններից մեկում՝ Գերմանիայի Ախենի համալսարանի ֆորշունգ կենտրոնի նանո և կենսատեխնոլոգիաների ինստիտուտում (Institute of Nano- and Bio- technologies)՝ պրոֆեսոր Մայքլ Շոնինգի գիտական խմբում: Այնտեղ ակտիվ հետազոտություններ են կատարվում՝ նվիրված նանոկառուցվածքային համակարգերի հենքով կենսատվիչների (բիոսենսոր) նախագծմանը, պատրասմանն ու թեստավորմանը։ Ստեղծված են լաբորատոր պայմաններ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան գիտահետազոտական աշխատանք կատարելու համար։ Ինչո՞վ է գիտությունը հետաքրքիր Ձեզ համար, ի՞նչն է ոգեշնչում Ձեզ: - Դպրոցական տարիքից հետաքրքրվում էի ֆիզիկա առարկայով բնության երևույթների բացատրությունը հասկանալու համար։ Մագիստրատուրայի տարիներին ավելի շատ հետաքրքրվեցի նանոգիտությամբ և նանոտեխնոլոգիաներով, որոնք ամենաարդիական ուղղություններից են 21-րդ դարում։ Բժշկության, էլեկտրոնիկայի և շատ այլ բնագավառների զարգացման հետ զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում ավելի ճշգրիտ բժշկական սարքերի և հզոր հաշվողական տեխնոլոգիաների, ավելի էներգախնայող և արդյունավետ լուծումների։ Ձեր գիտական ճանապարհին եղե՞լ են հիասթափություններ, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք: - Հիասթափություններ եղել են: Հաղթահարել եմ գործընկերներիս աջակցությամբ, ինչպես նաև այն համոզմամբ, որ չստացված արդյունքից էլ կարելի է քաղել տեղեկատվություն և դրա միջոցով հասկանալ՝ ինչպես հասնել ցանկալի արդյունքի։ Միջազգային համագործակցության համար ի՞նչ խթանների կարիք ունեք: - Այս պահին մեր թիմը համագործակցում է արտասահմանյան գիտական խմբերի հետ մի քանի թեմաների շրջանակներում։ Գիտական խմբերի և ղեկավարների մակարդակով կա համագործակցելու ցանկություն, կան գաղափարներ: Սակայն արդյունավետ համագործակցության համար կարևոր է նյութերի և սարքերի առկայությունը, որոնց գնումը Հայաստանում, ցավոք, բարդ և երկար գործընթաց է: Փորձը երբեմն կորցնում է իր արդիականությունը նյութերի և անհրաժեշտ պարագաների ձեռք բերման երկար գործընթացների պատճառով։ Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: - Պետության աջակցությունը վերջին տարիներին զգալի է և դրական է անդրադարձել մեծ թվով երիտասարդների՝ դեպի գիտություն ներհոսքի վրա։ Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները: Տեղեկացվա՞ծ եք «Գիտուժ» նախաձեռնության մասին, աջակցո՞ւմ եք: - Իհարկե, աջակցում եմ։ Գիտական նախաձեռնությունները մեծ դեր են կատարում գիտության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերի առաջարկման գործում: Դրական փոփոխություններն արդեն նկատելի են։ Եթե չզբաղվեիք գիտությամբ, ինչո՞վ կզբաղվեիք: - Կընտրեի հոգեբանությունը: Ի՞նչ գրքեր եք կարդում, ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը: - Այս պահին Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի աշխատանքներն եմ հաճախ կարդում։ Ի՞նչ նպատակ ունեք Ձեր առջև դրված: - Ունեմ նպատակ մեր թիմակիցների հետ գիտության և տեխնոլոգիաների ոլորտների մեջ կապող օղակ դառնալ Հայաստանում և լինել միջազգային մակարդակով մրցունակ։ Մոնիկա Երիցյան |