Трибуна молодого ученого
Գոհար Սևոյան

«Ուրախ եմ, որ գիտության ոլորտն եմ ընտրել, որտեղ շահը գիտելիքն է»

«‎Սիրում եմ գիտությունն ու բնությունը: Երկուսն էլ կարելի է անվերջ ուսումնասիրել: Գիտությունը միշտ ժամանակակից է, հետաքրքիր, բնությունը՝ սիրուն, ոգեշնչող». ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Գոհար Սևոյան: 

Գոհարը Գեղարքունիքի մարզից է, Վարդենիկից, 28 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաքիմիկոս, հյուսվածքային ինժեներ: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, այնուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում՝ կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտացմամբ: Ներկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող է:

 

Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ ոգեշնչեց զբաղվել գիտությամբ:  

- Գիտակցելով եմ ընտրել այդ ուղին: Հիվանդությունների առաջացման մոլեկուլային մեխանիզմները հասկանալու և բուժման մոդելներ ստեղծելու մեջ մեծ դեր ունի կենսաբանությունն իր ուղղություններով, որոնցից մեկն իմ մասնագիտությունն է: Աշխատանքի ընթացքում ինձ ոգեշնչել է ազնվությունը ոլորտում, որտեղ շահը  գիտելիքն է։ Իսկ երբ հանդիպում ես գիտության նվիրյալների, որոշման մեջ ավելի հաստատակամ ես դառնում։ 

Ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են: 

- Անհավանական սպասելիքներ չեմ ունեցել, փորձել եմ իրականությունից չկտրվելով երազել: Հիմա, ավելի քան այն ժամանակ, ուրախ եմ, որ գիտության ոլորտն եմ ընտրել:  Հույս ունեմ, որ խնդիրներն ու թերությունները կշտկվեն ապագայում:

Եղե՞լ են հիասթափություններ: Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

- Իհարկե, լինում են, առանց դրանց վերելքները հնարավոր չեն։ Հիասթափությունները շատ կարճ ժամանակով են ինձ այցելում:  Սովորաբար բարդ իրավիճակում փորձում եմ լուծում գտնել, որին հաջորդում է առաջ գնալու մեծ ձգտումը։ 

Ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ՝ «Գիտուժ»-ը: 

- Գիտական նախաձեռնություններն իրենց գործունեությամբ փաստում են գիտության կարևորությունն ու առաջնահերթությունը։ Գիտության մեջ կարևորում եմ հաղորդակցությունը և համագործակցությունը, ինչի արդյունքում ծնվում են նոր գաղափարներ: Այստեղ կարևոր դերակատարում ունեն  գիտական նախաձեռնությունները:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Մարդ արժեքը խեղաթյուրող բոլոր օրենքների հետ անհաշտ անձ։

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Նախընտրում եմ պատմական և կենսագրական գրքեր։ Կառանձնացնեմ երկու հեղինակի, ովքեր ինձ համար արժեք են՝ Նժդեհը և Նարեկացին:  

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Կանգ չառնել սովորել և սովորածը ծառայեցնել հայրենիքի շահերին,  ապրել հանուն արժեքների, սկզբունքների։

Մոնիկա Երիցյան