Трибуна молодого ученого
Աննա Բաղրյան

«Տեխնոլոգիաների զարգացումը ստիպում է վերանայել ֆինանսական հարաբերությունների կառուցման ավանդական հայեցակարգերը»

Աննա Բաղրյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է, մասնագիտացումը՝ Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում: Ուսումնասիրում է «Թվային տեխնոլոգիաների [1] ազդեցությունն առևտրային բանկերի կառավարման արդյունավետության բարձրացման վրա» թեման: Գտնում է, որ ֆինանսական աշխարհում տրանսֆորմացիոն ժամանակաշրջան է տիրում, որը միտված է փոփոխելու ավանդական ֆինանսական ծառայությունների մատուցման հայեցակարգը: Սա կանդրադառնա նաև Հայաստանի վրա:

Օտար լեզուներից Աննա Բաղրյանը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, տարրական մակարդակով՝ նաև ֆրանսերեն լեզուներին: Բանկային ոլորտում աշխատանքային գործունեությանը զուգահեռ մասնակցել է մասնագիտական դասընթացների, այդ թվում՝ 2021թ.-ին "Cisco" [2] ընկերության կողմից իրականացվող կիբեռանվտանգության հիմունքների վերապատրաստման դասընթացին: Ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների զարգացման միտումների և անվտանգային ռիսկերի վերաբերյալ ասում է.

-Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարիների իրողությունն ավելի է նպաստել տեխնոլոգիական աճին: Շատ ընկերությունների համար հնարավորությունների ժամանակահատված էր՝ փորձելու գուշակել աշխարհաքաղաքական զարգացումները և կողմնորոշվելու զարգացման ռազմավարության հարցում: Այս տեսանկյունից նկատելի է աշխարհում արագացված անցումն ամպային տեխնոլոգիաների [3], արհեստական բանականության [4] լայն կիրառումը, տվյալագիտության [5] կիրառումը: Նաև առանձնահատուկ կարևորություն են ստանում կիբեռանվտանգության տեսանկյունից տեխնոլոգիական լուծումների կատարելագործումը: Հակառակ դեպքում անվտանգային լուրջ սպառնալիքներ են ստեղծվում տվյալների օգտագործման, պահպանման և փոխանցման համար:

-Ո՞ր ուղղությամբ է փոփոխվում ավանդական ֆինանսական ծառայությունների մատուցման հայեցակարգը:

-Տեխնոլոգիաների զարգացումը ստիպում է վերանայել այն հայեցակարգերը, որոնք ընկած են ֆինանսական հարաբերությունների հիմքում: Այսօր նույն բլոկչեյն տեխնոլոգիայի [6] կամ կրիպտոարժույթների [7] կիրառումը բազմաթիվ ոլորտներում մարտահրավեր է նետում երրորդ՝ կարգավորիչ կամ միջնորդի դեր ունեցող կառույցի գոյությանն ու անհրաժեշտություն է առաջացնում վերանայել տնտեսության կարգավորման ավանդական հայեցակարգը:

Մյուս կողմից համատարած թվայնացումը ստիպում է նոր գործառույթներ ստանձնել և ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել կիբեռպաշտպանությանը՝ երաշխավորելու համար ֆինանսական հոսքերի, տվյալների անվտանգությունը: PtoP հարթակները [8] հնարավորություն են տալիս ներդնողին և գաղափարի հեղինակին հանդիպել առանց միջնորդ կառույցների, ինչը փոփոխում է նաև ֆինանսական միջնորդության ընկալումը: Առևտրային բանկերը, որոնք ավանդաբար միջնորդ էին ավելցուկային միջոցներ ունեցողների և նման միջոցների նկատմամբ պահանջ ունեցող տնտեսական հարաբերությունների սուբյեկտների միջև, այսօր գնալով ձգտում են դեպի թվային էկոհամակարգեր: Տիրապետելով հաճախորդի ֆինանսական սովորույթների վերաբերյալ ահռելի տվյալների հենքերի՝ հնարավորություն ունեն վերլուծելու դրանք և օգտագործելու ավելի նպատակային ուղղություններով:

-Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիական զարգացումներն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցների վրա:

-Տեխնոլոգիական զարգացումները ստիպում են ավանդական ֆինանսական կառույցներին ավելի մեծ ներդրումներ իրականացնել տեխնոլոգիաներում՝ մտնելով մրցավազքի մեջ հատկապես ֆինանսական ծառայությունների ոլորտում սթարթափ [9] ընկերությունների հետ: Սակայն գնահատելու համար, թե որքան են այդ ներդրումները արդյունավետ բաշխվում, անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Հայաստանյան իրողության մեջ ֆինանսական ոլորտի սթարթափ ընկերությունները մեծ կենսունակություն չունեն, քանի որ ոլորտի կարգավորումը խիստ է և շուկա մուտք գործելը՝ դժվար: Տեխնոլոգիական լուծումներ մեծամասամբ առաջարկում են ոլորտում փորձառություն ունեցող ընկերությունները, որոնք վերափոխում են իրենց ծառայությունները։ Բանկերն իրենց՝ ռիսկերի կառավարման ավելի մեծ փորձառությամբ և տվյալների լայն բազաներով դեռևս որոշիչ դեր ունեն: Կարծում եմ հետագա զարգացումները ավելի մեծ հնարավորություններ ունեն ընթանալու այս երկու կատեգորիայի սուբյեկտների համագործակցության ճանապարհով:

-Ծառայությունների մատուցման ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել:

-Եթե նախկինում, օրինակ, սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ էր այցելել բանկի մասնաճյուղ, տվյալներ և փաստաթղթեր ներկայացնել բանկի աշխատակցին, վերջինս պետք է վերլուծություն իրականացներ և արդյունքները ներկայացներ որոշումների կայացման համար, ապա այժմ գործընթացը կարելի է ապահովել անհամեմատ արագ՝ բջջային հավելվածի միջոցով՝ շնորհիվ տվյալների կենտրոնացման, սքորինգային համակարգերի և արհեստական բանականության հիման վրա կառուցված ռիսկային մոդելների կիրառման: Բացի դրանից մասնաճյուղի աշխատակցին սկսում են փոխարինել չաթ բոտերը, հետգործառնական գործառույթները մեծամասսամբ ավտոմատացվում են կամ պատվիրակվում են այս ոլորտում ինովացիաներ առաջարկող կոնտրագենտների: Փոփոխվել են նաև հաճախորդների նույնականացման ավանդական մեթոդները ի հաշիվ կենսաչափական նույնականացման տվյալների կիրառման [10], ճանաչիր քո հաճախորդին KYC գործընթացներում թվային լուծումների կիրառման, ինչն անհամեմատ արագացնում է ֆինանսական գործարքների իրականացումը:

-Ինչպե՞ս են անդրադառնում փոփոխությունները ՀՀ բանկային համակարգի վրա:

-Հայաստանում ներկայի քաղաքական անորոշությունները ստիպում են շուկայի խաղացողներին զգույշ քաղաքականություն որդեգրել՝ փոփոխություններն իրականացնելով աստիճանաբար: Այս առումով մեծ է նաև ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորիչ դերը, որի կողմից իրականացվող միջոցառումները միտված են ֆինանսական կայունության ապահովմանը: Հարկ է նկատել, որ աշխարհաքաղաքական այսպիսի անորոշությունների պարագայում, կախված Ռուսաստանի հանդեպ միջազգային տարբեր հարթակներում ձևավորված դիրքորոշումից, Հայաստանը ևս կարող է մեծ մարտահրավերների առաջ կանգնել, այդ թվում՝ էժան ռեսուրսների ներգրավման,  վճարահաշվարկային գործարքների սպասարկման համատեքստում, որոնք կարող են դանդաղեցնել տեխնոլոգիական վերափոխումների գործընթացը: Մյուս կողմից Հայաստանը հնարավորություն ունի նաև բարենպաստ արեալ դառնալու ռեգիոնի տեխնոլոգիական ընկերությունների համար, որը տնտեսական լայն վերափոխումներ է պահանջում և բարենպաստ ու կարգավորված օրենսդրական դաշտ: Այս ամենը կօժանդակի նաև բանկերին՝ անցում կատարելու ֆինանսական ծառայությունների մատուցման կատարելագործված մշակույթի:

-Որո՞նք են ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցների զարգացման միտումները ՀՀ-ում:

-Իմ տեսակետի համաձայն միտումները տանում են դեպի տարածաշրջանային ինտեգրում, և առաջիկա զարգացումները հիմնականում միտված կլինեն վերջինի ապահովմանը: Կարևոր է նկատել վճարահաշվարկային համակարգերի և վարկային տեղեկատվության տարածաշրջանային մակարդակում կենտրոնացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են միասնական տնտեսական տարածքի ապահովմանը: Ավելի միկրոմակարդակում նկատելի է հաճախորդամետ լուծումների կիրառումը, հաճախորդի թվային փորձառության բարելավմանն ուղղված քայլերը:

Հղումներ

  1. Թվային տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում ապահովում են ֆինանսական ծառայությունների մատուցմանն ուղղված գործընթացների իրականացումը էլեկտրոնային եղանակով՝ https://www.fintech.am/թվային-բանկինգ/:
  2. Cybersecurity Essentials, the holder of this credential has a foundational knowledge of cybersecurity, including the basics of network security, DevSecOps (Development, Security, Operations), encryption and cybersecurity laws: https://www.credly.com/badges/ec391cb7-d4e0-4082-8fda-fbcbe660c695/linked_in?fbclid=IwAR3O4KxwGk3w7V0rplC4EbkxVHvV5YpkHiKpCJBAjrQWpXMHRSo9S3Od5Zg.
  3. Ամպային տեխնոլոգիաները վեբի վրա հիմնված տեխնոլոգիաներ են, որի օգնությամբ համացանցի միջոցով համակարգիչներին և այլ տարբեր սարքերին տրամադրվում է ծրագրային ապահովում, ընդհանուր ռեսուրսներ և տեղեկատվություն՝ http://boon.am/cloud-computing/:
  4. Ինֆորմատիկայում արհեստական բանականության հետազոտությունը սահմանվում է որպես «խելացի գործակալի» հետազոտություն՝ ցանկացած սարք, որն ընկալում է իր շրջակայքը և ձեռնարկում է գործողություններ, որոնք առավելագույնի են հասցնում հաջողությամբ նպատակին հասնելու նրա հնարավորությունները՝ https://hy.wikipedia.org/wiki/Արհեստական_բանականություն:
  5. Թվային ծառայություններից օգտվելու արդյունքում կուտակվում են թվային մեծ տվյալներ, որոնք տվյալագետները կիրառում են նոր գործիքներ ստեղծելու համար։ Հայաստանը անմասն չէ համաշխարհային այս միտումից՝ https://www.sdglab.am/նորություններ/նորություններ/տվյալագիտության-ոլորտում-նորություններից:
  6. Բլոկչեյն (անգլ.՝ blockchain), որոշ կանոնների համաձայն կառուցված, տեղեկատվություն պարունակող անընդհատ հաջորդական բլոկների շղթա։ Ամենից հաճախ բլոկերի շղթաների կրկնօրինակները պահվում են իրարից անկախ բազում տարբեր համակարգիչների վրա՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BB%D0%BE%D0%BA%D1%87%D0%
    B5%D0%B9%D0%BD:
  7. Կրիպտոարժույթը թվային արժույթի տեսակ է, որի ստեղծումը և վերահսկումը հիմնված է գաղտնագրային մեթոդների վրա, https://hy.wikipedia.org/wiki/Կրիպտոարժույթ:
  8. Գործընկերների վարկավորումը (հաճախ անվանում են P2P վարկավորում) եզակի այլընտրանքային ներդրումային հարթակ է, որը թույլ է տալիս վարկառուներին շրջանցել ֆինանսական միջնորդի, ինչպիսին է բանկը, և միջոցներ փոխառել ֆիզիկական անձանցից՝ https://hy.bostonwomensnetwork.org/where-p2p-stands:
  9. Սթարթափ (անգլ.՝ startup company, startup, բառացիորեն` «սկսվող»), գործառնական կարճ պատմություն ունեցող ընկերություն՝ https://hy.wikipedia.org/wiki/Սթարթափ:
  10. Կենսաչափական նույնականացումը օգտագործողի կողմից իր եզակի կենսաչափական տվյալների տրամադրումն է և առկա տվյալների հետ վերջինիս համեմատության գործընթացը՝ http://www.techportal.ru/glossary/biometricheskaya_identifikaciya.html:

    Հերմինե Օհանյան