| ||||||||
Նոնա Մովսիսյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրից է, 28 տարեկան, մասնագիտությամբ՝ քիմիկոս-էկոլոգ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, այնուհետև սովորել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում՝ բնօգտագործում և բնապահպանություն բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ է՝ երկրաբնապահպանություն մասնագիտացմամբ, նաև կենտրոնի գիտաշխատող, 15 գիտական հոդվածի հեղինակ: Նոնան Ռադիացիոն պաշտպանության միջազգային ասոցիացիայի Երիտասարդ սերնդի ցանցի անդամ է: Իր ազատ ժամանակը նվիրում է սպորտին և արշավներին: Գիտական արդյունքի մասին - Բոլոր հետազոտությունները՝ կապված շրջակա միջավայրի խնդիրների հետ, կարևոր են։ Կառանձնացնեմ հետազոտությունը, որն իրականացվում է ասպիրանտական աշխատանքի շրջանակներում և վերաբերում է Հայաստանի լեռնային տարածքներում ռադիոնուկլիդների բաշխվածության ուսումնասիրությանը։ Մեր կենտրոնի կողմից իրականացվում է ռադիոէկոլոգիական մոնիթորինգ, և մենք հավաքում ենք տվյալներ Հայաստանի լեռնային տարածքների բաղադրիչներում ռադիոակտիվ տարրերի ակտիվության մակարդակների վերաբերյալ: Լեռնային տարածքներում ռադիոէկոլոգիական հետազոտությունները պատասխանում են կարևոր հարցերի, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման պատճառների և աղբյուրների բացահայտմանն ու նույնականացմանը: Օրինակ, նախկինում տեղի ունեցած միջուկային պատահարները, վթարներն ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել մեր տարածքի վրա, արդյո՞ք գրանցվել են տեխնածին ռադիոնուկլիդներ և այլն։ Գիտության զարգացման առաջնահերթությունների մասին - Գիտությունը պետության անբաժան մասն է։ Բազմիցս նշվել է գիտության զարգացման համար ֆինանսավորման, նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորության մասին: Աշխատելով ռադիոէկոլոգիական հետազոտությունների ուղղությամբ՝ կարող եմ մեր կենտրոնի օրինակով ասել, որ բոլոր հետազոտություններն իրականացվում են ժամանակակից մեթոդների, սարքավորումների ներդրմամբ, և բարձր տեխնոլոգիաներն արդյունք են զարգացած հիմնարար ուղղությունների։ Կարևոր է սերտ համագործակցությունը պետության ներսում գիտական կենտրոնների և գիտություն-պետություն փոխհարաբերություններում։ Նաև կարևորում եմ Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնությունները: Օրինակ՝ «Գիտուժ»-ը, որը բարձրաձայնում է գիտության ոլորտում առկա բացերը, առաջ քաշում խնդիրների լուծման ուղիները: Խոչընդոտների մասին - Կոնկրետ իմ ոլորտում խոչընդոտների չեմ հանդիպել: Շատ հետազոտություններ են իրականացվել, շատ խնդիրներ են վերհանվել, միգուցե հետագայում ավելի մասշտաբային խնդիրների վերհանումն ուղեկցվի խոչընդոտներով, սակայն, վստահ եմ, անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Մոնիկա Երիցյան |