| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Թումանյանի կարգախոսն է. «Առաջընթաց, զարգացում՝ ուժեղ գիտությամբ»: Անուշ Թումանյանը Երևանից է, 33 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաբան: Սովորել է Ռուսաստանի Դաշնության Դերժավինի անվան Տամբովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, այնուհետև ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Ներկայում ինստիտուտի Մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող է։ Անուշը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 15 գիտական հոդվածի հեղինակ: Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ: - Իմ ատենախոսական աշխատանքը՝ «Գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրությունը զգայաշարժողական և վեգետատիվ կարգավորման ոլորտների գնահատմամբ» թեմայով: Այն իրականացվել է Ֆիզիոլոգիայի ինստիտուտում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Թադևոսյանի ղեկավարմամբ: Աշխատանքը նվիրված է գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի համալիր ուսումնասիրմանը տարբեր տարիքային խմբերի անհատների մոտ մտավոր ծանրաբեռնվածության պայմաններում։ Աշխատանքում կիրառվել են այնպիսի մեթոդական մոտեցումներ, որոնք հնարավորություն են տվել իրականացնել զգայաշարժողական` ռեֆլեքսոմետրիկ թեստ, և վեգետատիվ կարգավորման` սրտային ռիթմի փոփոխականության մաթեմատիկական վերլուծություն, ոլորտների միաժամանակյա ուսումնասիրություն: Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ եք կիրառում ձեր ոլորտում: - Հոգեֆիզիոլոգիկան հետազոտություններում այժմ կիրառվում է վիրտուալ իրականության տեխնոլոգիան՝ ոչ ինվազիվ, որով հետազոտվողը ընկղմվում է այնպիսի միջավայր, որն առաջացնում է տարբեր հուզական վիճակներ։ Դրանք գնահատվում են տարբեր գերզգայուն տվիչներից ստացված հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների վերլուծությամբ։ Հաջորդիվ հետազոտվողների մոտ հուզական վիճակները կարգավորվում են այդ նույն վիրտուալ իրականության և աուդիովիզուալ խթանիչի միջոցով։ Այս տեխնոլոգիաների կիրառումը կարևոր նշանակություն ունի տարբեր հուզական վիճակներում հայտնված անձանց վիճակի շտկման, բարելավման համար։ Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը: - Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նորագույն տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Մենք կարիք ունենք բարձրացնելու մեր գիտատեխնիկական հագեցվածության մակարդակը, հեշտացնելու նոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման գործընթացը: Անհրաժեշտ է ստեղծել բավարար պայմաններ հիմնարար գիտության զարգացման և դրա կիրառական գործարկման համար: Գիտաշխատողներն էլ իրենց հերթին պետք է բարձրացնեն իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը, ընդլայնեն միջազգային համագործակցության շրջանակները: Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար: - Երիտասարդ գիտնականն առաջին հերթին պետք է ունենա մոտիվացիա: Երիտասարդներին պետք է ճիշտ ուղղորդել և ապահովել ժամանակակից գիտատեխնիկական բազայով, ներգրավել նրանց ակտիվ գիտական գործունեության մեջ։ Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար: - Գաղափարների շուկա դուրս բերման, կիրառական նշանակություն ունեցող առաջարկների միջոցով, որոնք հետագայում կփոխակերպվեն արտադրանքի: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը: - Դրական և կարծում եմ, որ այն հնարավորություն կտա բարձրացնել մասնագետների որակավորումը և խթանել Հայաստանի գիտական ներուժի զարգացումը: Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններին կամ աջակցո՞ւմ եք նրանց: - «Գիտուժ» նախաձեռնությունը, իմ կարծիքով, կարևոր դեր է խաղում մեր երկրում գիտության ոլորտի առաջընթացի գործում։ «Գիտուժ»-ի կողմից առաջ է քաշվում գիտության զարգացման տեսլականը, բարձրաձայնվում են գիտական համայնքին հուզող հարցեր, ներկայացվում են գիտության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, ամփոփվում են զարգացման հեռանկարները։ Հետևում եմ «Գիտուժ»-ի աշխատանքներին և աջակցում եմ նրանց գործունեությանը: |