Трибуна молодого ученого
Նելլի Աբրահամյան

«Տնտեսությունը պետք է հենվի գիտության վրա, զարգանա ժամանակակից գիտության շնորհիվ»

   Նելլի Աբրահամյանն Արմավիր քաղաքից է, 27 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաբան: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: Շուրջ երեք տարի աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայում, 5 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է:


   Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

   Ներկայում ուսումնասիրում ենք մետաղների մանրէաբանական վերականգնումն էլեկտրոնային թափոններից` PCB-ներից (Printed Circuit Board), որոնց ծավալն արագ տեմպերով աճում է: Ծանր մետաղների և շատ այլ թունավոր միացությունների պարունակության պատճառով այդ թափոնները դարձել են լուրջ խնդիր շրջակա միջավայրի համար: Միաժամանակ, այդ թափոնները հանդիսանում են հազվագյուտ և թանկարժեք մետաղների ստացման երկրորդային աղբյուր: Դրանց վերամշակման համար նոր, մաքուր և շահավետ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ: Մեր աշխատանքի նպատակն է զգալի բարձրացնել կենսատարրալվացման գործընթացի արդյունավետությունը՝ օգտագործելով Հայաստանի տարբեր սուլֆիդային հանքաքարերի բիոտոպերից մեկուսացված ծծումբ և երկաթ օքսիդացնող քեմոլիթոտրոֆ բակտերիաների (Acidithiobacillus ferrooxidans և Acidithiobacillus thiooxidans) միջոցով ստացված կենսածին երկաթի և ծծմբի իոնները` PCB-ներից պղնձի, ցինկի, ալյումինի, երկաթի և այլ մետաղների կորզման գործընթացում: Բազմաթիվ փորձերի արդյունքների վերլուծությունը հաստատել է, որ բակտերիաները կարող են շատ ավելի արդյունավետ միջնորդ հանդիսանալ մետաղների կենսատարրալվացման գործընթացներում, քան քիմիական միացությունները:


   Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության ոլորտի զարգացման համար առաջնահերթ քայլերը:

   Գիտության զարգացման առաջնային պայմանը, իմ կարծիքով, տեխնոլոգիաների զարգացումն է, լաբորատորիաների վերազինումը ժամանակակից փորձարարական սարքավորումներով, ինչը բազմաթիվ անգամ կարագացնի և կհեշտացնի գիտնականի աշխատանքը: Մեր լաբորատորիայում վերջին երկու տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել ժամանակակից թափահարիչ (Orbital Shaker – Incubator ES – 20/60) և երկու pH մետր (Hanna – HI 2211 pH/ORP Meter և Mettler Toledo pH meter): Այնուամենայնիվ, լաբորատորիան նոր և ժամանակակից սարքավորումներով վերազինելու անհրաժեշտություն կա՝ ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու, շատ ավելի ճշտգրիտ տվյալներ ստանալու և նոր գաղափարներ առաջ քաշելու համար:

   Որպես երկրորդ պայման անհրաժեշտ է տեղեկացված լինել, և ակտիվ համագործակցել ինստիտուտների, համալսարանների, արտադրական կազմակերպությունների հետ: Կարևոր է միջազգային համագործակցությունը, ինչի շնորհիվ հնարավոր է փոխանակվել նոր գաղափարներով և փորձով:


Միջազգային գիտաժողով «Microbes: Biology & Application», Երևան, 2019 թ.

   Ինչպե՞ս եք տեսնում գիտություն-տնտեսություն կապը:

   Տնտեսությունը պետք է հենվի գիտության վրա, զարգանա ժամանակակից գիտության շնորհիվ, մասնագիտական հմտությունները պետք է դառնան զարգացման կարևոր ռեսուրսներ: Մտավոր ռեսուրսը չի սպառվում, այն անընդհատ վերարտադրվում է, ինչը տնտեսական առումով բարձր արդյունավետություն կարող է ապահովել և՛ այսօր, և՛ ապագայում:

   Ի՞նչպես է պետք բարձրացնել գիտության վարկանիշը:

   Հանրության շրջանում, ցավոք, ձևավորվել են գիտնականի աշխատանքի վերաբերյալ սխալ պատկերացումներ: Այսօր մարդն առաջին հերթին փնտրում է այնպիսի աշխատանք, որով կկարողանա վաստակել գումար, այնուհետև մտածում է, թե ինչ նորարարություններ կարող է մտցնել իր աշխատանքային ոլորտ: Ի ուրախություն բոլորիս, 2022 թվականից ֆինանսավորումը կավելանա և իր հերթին կբերի գիտության վարկանիշի բարձրացման: Բացի ֆինանսավորումից, կարևոր է նաև դպրոցական տարիքից աշակերտներին ծանոթացնել գիտության ոլորտների հետ, կազմակերպել այցելություններ համալսարաններ և գիտական կենտրոններ: Իսկ ուսանողներին մոտիվացնելու համար անհրաժեշտ է նրանց ներգրավել գիտաժողովների աշխատանքներին:

   Ինչպե՞ս եք տեսնում ԲՈՒՀ-երի և ԳԱԱ-ի համագործակցությունը:

   ԲՈՒՀ-երը և ԳԱԱ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն գիտաժողովների կազմակերպման համար, որոնցում ներգրավված կլինեն ուսանողները: Նրանք հնարավորություն կստանան ձեռք բերել նոր ու արդիական գիտելիք, որը դեռևս ներգրավված չէ դասագրքերում, կծանոթանան գիտական միջավայրին: Գիտական հանրությունն էլ ավելի լավ կծանոթանա բանիմաց երիտասարդ կադրերի հետ, կկարողանա ոգևորել և ուղղորդել նրանց դեպի գիտություն:


   Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար:

   Պետության և գիտության շահերը պետք է համընկնեն: Պետությունը պետք է աջակցի գիտության զարգացմանը, հետևի գիտական աշխատանքների ընթացքին և պահանջի լիարժեք արդյունք, ինչն իր հերթին կնպաստի, որպեսզի մրցունակ դառնանք միջազգային հարթակում, մասնակցենք միջազգային գիտական ծրագրերում և ստանանք համապատասխան ներդրումներ: Պետության և ներդրողների աջակցությամբ կզարգանա նաև կիրառական գիտությունը:

   Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

   PostDoc-ը հիանալի մոտիվացիա և հեռանկար է երիտասարդ գիտնականների համար:

   Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:

   «Գիտուժ»-ի գործունեությունը կարևոր դեր ունի գիտությամբ զբաղվող և գիտությամբ հետաքրքրված անձանց համար:

   Նելլի, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

   Գիտության հետ կապված հստակ կարգախոս չունեմ, բայց շատ կցանկանայի, որ մենք բոլորս առաջնորդվենք մեկ կարգախոսով` «Այսօրվա զարգացած գիտությունը մեր վաղվա հզոր պետության գրավականն է»:

   Մոնիկա Երիցյան