Трибуна молодого ученого
Շահեն Շահինյան

«Եթե կարողացել է մեկը, կարող եմ նաև ես։ Եթե չի կարողացել ոչ ոք, ապա կլինեմ առաջինը»

    Շահեն Շահինյանը Երևանից է, 29 տարեկան, մասնագիտությունը՝ ինժեներական գեոդեզիա և կադաստր: Շահենը տեխնիկական գիտությունների թեկնածու է, 16 գիտական հոդվածի հեղինակ: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի  հիդրոերկրադինամիկայի և էկոերկրաֆիզիկայի լաբորատորիայում: 2016 թ-ից Գեոդեզիստների միջազգային ասոցիացիայի (International Association of Geodesists) անդամ է:


   Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ: 

   Ամենակարևոր գիտական արդյունքը Հայաստանի տարածքի համար մեր կողմից ստեղծված քվազիգեոիդի մոդելն է:  Այդ աշխատանքի շրջանակում հնարավոր է դարձել Հայաստանի տարածքում գլոբալ նավիգացիոն համակարգերով ամբողջական աշխատանքներ իրականացնել և սանտիմետրի ճշգրտությամբ ստանալ բարձրությունը ծովի մակարդակից:  Մինչ մեր հետազոտությունը, այդ ցուցանիշը ստանում էին մոտ կես մետրի ճշգրտությամբ: Հենց այս հետազոտության հիման վրա էլ մշակել և հետագայում պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը։ Ներկայում մեր մաթեմատիկական երկրաֆիզիկայի և գեոինֆորմատիկայի գիտական խումբն աշխատում է երկրադինամիկական պրոցեսների ուսումնասիրության ոլորտում, մասնավորապես՝ խորացված գեոդեզիական մեթոդներով հետազոտում է երկրաշարժերի նախապատրաստման փուլերը: Խմբի աշխատանքներն իրականացվում են լաբորատորիաների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:


   Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը: 

   Հայաստանում գիտության ոլորտն ունի բազում խնդիրներ, որոնք, կարծում եմ, պետք է լուծվեն համալիր քայլերով։ Գիտության ոլորտի զարգացման համար պետք է ներգրավել երիտասարդներին հայեցակարգերի, ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում: Հայաստանում գիտնականներն առաջին հերթին պետք է կենտրոնանան Հայաստանի խնդիրների լուծման վրա։

   Որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման ռեսուրսները: 

   Հիմնական ռեսուրսը երկրի ներսում առկա գիտական միտքն է: Պետք է ավելի ամրապնդել կապը Հայաստանում գործող գիտական հաստատությունների միջև: Եթե ամբողջապես օգտագործենք մեր երկրում առկա գիտական ներուժը, ավելի մեծ նշանակության գիտական արդյունքներ կստանանք:

   Ինչպե՞ս է պետք բարձրացնել գիտության վարկանիշը:

   Հիմնական ազդեցությունը գալիս է հենց գիտնականից: Եթե մարդը գիտնական է միայն ի պաշտոնե, այլ ոչ էությամբ, դա բերում է գիտության արժեզրկման։ Վարկանիշը պետք է բարձրացվի նվիրյալների միջոցով, որոնք պետք է ունենան աջակցություն պետության կողմից:

   Ի՞նչ բարեփոխումներ կցանկանայիք տեսնել գիտության ոլորտում:

   Կցանկանայի, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր մասնագիտության համար լիներ առնվազն մեկ ամսագիր՝ ընդգրկված միջազգային ճանաչում ունեցող շտեմարաններում, օրինակ, Scopus, Web of Science: Ճիշտ է, այսօր գիտության լեզուն անգլերենն է, բայց, իմ կարծիքով, պետք է լինեն նաև այնպիսի ամսագրեր, որոնք կունենան հայերեն կրկնօրինակը: Սա օգտակար կլիներ հատկապես դպրոցականների, ուսանողների համար, որոնց անգլերենի իմացության մակարդակը դեռևս շատ բարձր չէ: Կցանկանայի, որ պետական մոտեցումը գիտության նկատմամբ փոխվեր, պետությանը դառնար ոչ միայն ֆինանսավորող, այլ նաև պատվեր իջեցնող և արտադրանքի տեր։ Նաև պետք է խստացվի պայքարը գրագողության դեմ:


   Ինչպե՞ս եք տեսնում ԲՈՒՀ-երի և ԳԱԱ-ի համագործակցությունը: 

   ԲՈՒՀ-երը պետք է լինեն ԳԱԱ կադրերի հիմնական մատակարարը, բայց դրա համար նախ պետք է, որ ԲՈՒՀ-ում կրթությունը հասնի նորմալ մակարդակի և դերակատարություն ունենա գիտական կյանքում։

   Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար:

   Երիտասարդ գիտնականի կյանքում ժամանակի 80%-ը պետք է զբաղեցնի գիտությունը։ Իսկ այսօր գիտաշխատողը ստիպված է աշխատել 2 վայրում և ժամանակ ծախսել այլ աշխատանքի վրա, որն ընդհանրապես կապ չունի գիտության հետ: Այս դեպքում գիտնականի աշխատանքի արդյունավետությունն ընկնում է։ Եթե երիտասարդն ունենա իր արդյունքներին համարժեք երաշխիքներ, կկարողանա ավելի արդյունավետ աշխատել։

   Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններում կամ աջակցո՞ւմ եք նրանց:

   Շատ դրական, ինքս մասնակցել եմ «Գիտուժ»-ի որոշ նախաձեռնություններում: «Գիտուժ»-ը կարևոր ազդեցություն ունի ակադեմիական համակարգում բարեփոխումների, գիտության հանրայնացման գործում:

   Շահեն, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

   «Եթե կարողացել է մեկը, կարող եմ նաև ես։ Եթե չի կարողացել ոչ ոք, ապա կլինեմ առաջինը»:

   Մոնիկա Երիցյան