Трибуна молодого ученого
Աննա Թոփլաղալցյան

«Փոքր ուժերով և քիչ ռեսուրսներով փորձում ենք լուծել մեծ խնդիրներ»

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Աննա Թոփլաղալցյան. «Փոքր ուժերով և քիչ ռեսուրսներով փորձում ենք լուծել մեծ խնդիրներ»:


    Աննա Թոփլաղալցյանը 28 տարեկան է, Երևանից է: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնում: Աշխատում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կենսաբանորեն ակտիվ նյութերի շտամ-արտադրիչների և կենսասինթեզի լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող, 10 գիտական հոդվածների և թեզիսների հեղինակ է: 

Փոքր ուժերով լուծել մեծ խնդիրները

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կենսաբանորեն ակտիվ նյութերի շտամ-արտադրիչների  և  կենսասինթեզի լաբորատորիայում աշխատանքներ են տարվում Հայաստանի աղակալած հողերը վերականգնելու ուղղությամբ: Աննա Թոփլաղալցյանը նշում է՝ փոքր ուժերով և քիչ ռեսուրսներով փորձում են լուծել մեծ խնդիրներ, և արդեն ունեն հաջողություն: «Հայաստանը հիասքանչ բնական պաշարներ ունի՝ հողը, ջուրը, ընդերքը, բայց օգտագործման և կառավարման խնդիր կա՝ հատկապես ջրային ռեսուրսների ոլորտում: Մենք քաղցրահամ ջուր ունենք, բայց շատ տեղերում այն աննպատակ հոսում, գնում է: Գյուղերում տեսել ենք, ինչպես են մարդիկ երեխայի նման գրկում չորացած ծառերը, չգիտեն՝ ինչպես փրկել, ջուրը չի հասնում, ենթակառուցվածքի խնդիր է», - ասաց Աննան:


    Նա նշեց, որ Հայաստանում տարեկան 150  հեկտար հող է աղակալվում: «Մեր աշխատանքային խմբի կողմից իրականացվել է աղակալած հողերից ազոտֆիքսող բակտերիաների մեկուսացում և իդենտիֆիկացում: Ազոտֆիքսացիայի առավել բարձր ակտիվություն ունեցող կուլտուրաներից, քիմիական մուտագենեզի եղանակով, ստացվել են օսմոկայուն մուտանտներ` առանց գենետիկական ճարտարագիտության մեթոդների կիրառման: Ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել են ազոտֆիքսացիայի բարձր ակտիվությամբ շտամներ, որոնք պահպանում են իրենց կենսագործունեությունը մինչև 5% նատրիումի քլորիդի պայմաններում: Բացի այդ, նրանք նաև բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութերի, ֆերմենտների և հորմոնների արտադրիչներ են: Այս շտամները կարող են հիմք հանդիսանալ հետագայում նոր, արդյունավետ և էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութի ստեղծման համար, որը կխթանի աղակալած հողերի վերականգնմանը և գյուղատնտեսական մշակաբույսերին կապահովի նրանց աճի համար անհրաժեշտ գործոններով: Կարևոր է, որ մուտանտները ստացել ենք քիմիական եղանակով, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ չեն, մարդու համար վնասակար չեն», - բացատրեց  Աննա Թոփլաղալցյանը:

Գիտության ոլորտի խնդիրները և ինչպես պահել երիտասարդ գիտնականներին

«Գիտության ոլորտում շատ են խնդիրները. չկան սարքավորումներ, ինչը կապված է մեծ ֆինանսների հետ: Երիտասարդ գիտնականները հեռանում են ոլորտից, որովհետև բավարար պայմաններ և վարձատրություն չկա: Տարեցտարի պակասում է ուսանողների քանակը՝ հատկապես քիմիայի, կենսաբանության ոլորտներում: Մեծ և փորձառու սերունդը կա, աշխատում են՝ չնայած բավականին տարիքով են: Մինչև հիմա նրանց ուսումնասիրված բակտերիաների շտամների հիման վրա, օրինակ Չինաստանում, տարբեր դեղեր, ամինաթթուներ են ստանում: Բայց երիտասարդները քիչ են, որպեսզի նրանց փոխանակվի այդ փորձը: 

Մեկ այլ խնդիր է արտասահմանից ժամանակին անհրաժեշտ նյութեր ստանալը: Մեկ նյութը կես տարուց ավելի գալիս է, նյութերի և սարքավորումների արժեքները տարեցտարի բարձրանում են:

Մենեջմենթի պակաս էլ կա միջազգային շուկա դուրս գալու համար: Պետք է գովազդենք մեր արտադրանքը: 
Բարձր վարկանիշով ամսագրերում տպագրվելն էլ բարդ գործընթաց է, կապեր է պետք ստեղծել: Պետք է պետության հետ համատեղ փորձել լուծել խնդիրները, միայն մեկ կողմը չի կարող անել դա», - ասաց Աննա Թոփլաղալցյանը:


    Նա նշեց, որ Հայաստանում գործում են մի շարք գիտական ամսագրեր, որոնց մեծ մասը ճանաչված չեն նույնիսկ տեղական գիտնականների կողմից, իսկ մի քանի առավել ճանաչվածներում տպագրվում են բացառապես հայ գիտնականները: Ըստ նրա՝ անհրաժեշտ է այնպես բարձրացնել այդ ամսագրերի վարկանիշը, որպեսզի տպագրվելու ցանկություն ունենան նաև արտասահմանյան գիտնականները:

    Որպես բարեփոխում Աննա Թոփլաղալցյանն առաջարկում է ստեղծել ՀՀ պետական գիտական տեղեկատվական միասնական էլեկտրոնային հարթակ. «Հարթակում տեղադրված կլինեն Հայաստանի գիտնականների մասին տվյալները, նրանց կողմից իրականացվող հետազոտությունների նեղ բնագավառները, ստացված արդյունքները և այլ տեղեկություններ: Այս հարթակը հնարավորություն կընձեռնի նմանատիպ ուղղություններով զբաղվող գիտնականների ծանոթանալ միմյանց հետ և իրականացնել համատեղ հետազոտություններ: Այն կնպաստի փորձի փոխանակմանը և այլն»:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

    Երիտասարդ գիտնականը ներկայացնում է իր տեսակետը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 
    «Երբ մեզ ասացին, որ մեր կենտրոնը մնալու է ակադեմիայի կազմում, բոլորով ծափահարում էինք: Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից գիտական կազմակերպությունների դուրս հանումը նշանակում է ակադեմիական համակարգի կազմաքանդում, որը կիջեցնի մեր երկրի վարկանիշն աշխարհում գիտության ոլորտում: Գիտնականի համար ակադեմիայի դերը շատ կարևոր է, այն մեզ համար ևս մեկ տուն է», - ասաց Աննա Թոփլաղալցյանը:
    Երիտասարդ գիտնականը կարևորեց «Գիտուժ» նախաձեռնության գործունեությունը, որը դեմ է արտահայտվել նշված օրենքում նախատեսվող փոփոխություններին: Ըստ նրա՝ նախաձեռնությունը կարևոր դեր ունի գիտության ոլորտի լուսաբանման գործում:
    «Փորձում եմ լինել օգտակար մարդ և մասնագետ, ինձանից հետո թողնեմ պիտանին», - եզրափակեց Աննա Թոփլաղալցյանը:

    Մոնիկա Երիցյան