Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի1» (այսուհետ` ՀՀ ԳԱԱ մրցանակ) հայցման 2023 թ. հայտերի մրցույթ։
ՀՀ ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետևյալ բնագավառներում`
- ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ),
- քիմիա, կյանքի և Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ),
- հասարակական և հումանիտար գիտություններ (մեկ անվանակարգ)։
Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար, իսկ կիրառական մշակումների դեպքում` վերջին 10 (տասը) տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։
ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների թիվը չպետք է գերազանցի 5 (հինգ)-ը։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի երկրորդ անգամ հավակնել այն ստանալու։ Մրցանակները շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
ՀՀ ԳԱԱ մրցանակի հայտեր կարող են ներկայացնել ՀՀ գիտական և/կամ գիտակրթական և/կամ գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցները կամ դրանց խմբերը` կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբերի կազմում կարող են ներգրավվել նաև տվյալ հայտի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացրած օտարերկրյա գիտնականները։ Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն 1(մեկ) աշխատանք:
Հայտում կարող են ներկայացվել բացառապես այն արդյունքները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել կամ ապրանքայնացման տարբեր աստիճաններ են անցել հայտերի ներկայացման ժամկետին նախորդող 5 (հինգ) և 10 (տասը) տարիների ընթացքում` համապատասխանաբար հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների դեպքում։ Հայտը չպետք է պարունակի արդյունք(ներ), որի(որոնց) համար հեղինակ(ներ)ը կամ այլ անձինք արդեն ստացել են ՀՀ ԳԱԱ մրցանակ կամ այն(դրանք) վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում արժանացել է(են) ՀՀ որևէ այլ պարգևի (ՀՀ Նախագահի մրցանակ, ՀՀ պետական մրցանակ, ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակ և այլն)։ Հայտերի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու`
- հիմնարար հետազոտությունների դեպքում` գիտական աշխատանքի կամ շարքի գիտական ազդեցությունը, արդիականությունը, նորույթը, գիտական նոր ուսումնասիրություններ կամ ուղղություններ խթանելու հնարավորությունը, տվյալ գիտական ուղղությունից դուրս ազդեցության մակարդակը, գիտական համագործակցությունը խթանելու աստիճանը, հեղինակների ներդրումը, աշխատանքի ընդհանուր նկարագիրը և այլն,
- կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում` գիտական ազդեցությունը, նորույթը, լաբորատոր, փորձնական նմուշների, արդյունաբերական կամ սերիական արտադրության առկայությունը, պետական պատվերով կատարումը կամ տեղական/միջազգային շուկաներում վաճառքը, հաստատված լաբորատոր կամ արտադրական գիտատեխնիկական փաստաթղթերը, արտոնագրերը, առկա պահանջարկը՝ համագործակցության կամ պայմանագրային արտադրության համաձայնագրեր, առքուվաճառքի պայմանագրեր և այլն:
ՀՀ ԳԱԱ 2023 թ. մրցանակի մրցույթին պետք է ներկայացվեն հիմնարար հետազոտությունների 2018–2023 թթ. և կիրառական մշակումների 2013-2023 թթ. ընթացքում ձեռք բերված արդյունքները։ Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2023 թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ն է։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2024 թ. մարտի երրորդ տասնօրյակում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. ապրիլին՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ։
Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
- դիմում-հայտ, իսկ համահեղինակության դեպքում` նաև մասնակցության համար համահեղինակների համաձայնությունը (լրացվում է առցանց («online») եղանակով),
- հեղինակ(ներ)ի անձնագր(եր)ի և սոցիալական քարտ(եր)ի պատճենները,
- հեղինակ(ներ)ի բանկային անձնական հաշվեհամար(ներ)ը,
- հեղինակ(ներ)ի կենսագրական տվյալները («resume/CV»),
- աշխատանքը ներկայացնող կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,
- հեղինակ(ներ)ի`
- վերջին 5 (հինգ) տարիների (2018-2023թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը՝ հիմնարար հետազոտությունների դեպքում, - վերջին 10 (տասը) տարիների (2013-2023թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը և գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների ապրանքայնացման մակարդակը հիմնավորող փաստաթղթերը` արտոնագրեր, կանոնակարգեր, շուկայական պահանջարկը հիմնավորող փաստաթղթեր, իրացման պայմանագրեր և այլն` կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում,
- երեք երաշխավորագիր (կարծիք)` աշխատանքը մրցանակի արժանի լինելու վերաբերյալ` տրված տվյալ ոլորտի մասնագետների կողմից (նրանցից առնվազն մեկը պետք է լինի օտարերկրյա մասնագետ),
- մրցույթին ներկայացվող աշխատանքի ընդհանուր նկարագիրը` մինչև 5 (հինգ) էջի սահմաններում` հայերեն և անգլերեն,
- մրցույթին ներկայացվող աշխատանքը։
Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝
- հայտատուն պետք է առցանց («online») լրացնի դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/BPR4CJEcpfbyZTmq5 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել),
- հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները,
- փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ sciorgdep@sci.am՝ նամակի «Subject» դաշտում նշելով մրցույթի անվանումը,
- եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից,
- առցանց («online») լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79 (1-99), 010 56-81-83 (1-36):
---------------- 1 Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2023 թ. սեպտեմբերի 20-ի համար 9/1817 որոշմամբ։ Մրցանակի շնորհման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.sci.am/documents.php?dcid=1&langid=1#top: ՀՀ ԳԱԱ մրցանակի շնորհման կարգի ժամկետները գործելու են երկրորդ մրցանակաբաշխությունից։
Հայտարաությունը PDF ֆայլով կարողեք բեռնել սեղմելով այստեղ։ |