Նա չէր սիրում, երբ իրեն գիտնական էին անվանում, նախընտրում էր գիտության աշխատող անվանումը։ Իր հասած փառքին ասում էր՝ դատարկ բան է, պետք է աշխատել։ Չափազանց կարևորում էր հայոց լեզվի իմացությունը։ Հանգստանում էր քայլելով, գեղարվեստական գրքեր կարդալով, գյուղացիների ու բանվորների հետ զրուցելով։ Սիրում էր առավելապես պոեզիան, ժողովրդական երգերից՝ «Դլե յամանը»։ Ատում էր շահասիրության համար հայրենիքը լքողներին, ծուլությունն ու նյութապաշտությունը։ Մարդուն համարում էր տիեզերք տիեզերքի մեջ։ Արեգակի ջերմության նման կարևորում էր մարդու ջերմությունը․ «Ցավոք, մարդկային ջերմությունը գնալով նվազում է, մանավանդ դա զգացել եմ արտասահմանում։ Պատերազմներն սկսվում են այն ժամանակ, երբ սրտերը սառչում են․․․» ։
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 18-ին, Թիֆլիսում։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, եղել է իրավաբան, գրականագետ, Բասարգեչար գյուղից (Այժմ Վարդենիս)։ Բացի ռուսերենից տիրապետել է նաև հին հունարենին և լատիներենին։
«Հայրս տաքարյուն, հեշտությամբ հուզվող, անհանգիստ մարդ էր։ Շրջապատից շատերին չէր հավանում և չէր թաքցնում իր բացասական կարծիքը։ Այդ հատկությունը, սակայն, հորս կյանքում դժվարություններ էր բերում։ Հակառակորդներ հեշտությամբ էր վաստակում, և հաճախ գործը հասնում էր դատարան։ Լինելով իրավաբան՝ նա չէր խուսափում որևէ հակասության դեպքում դատարան դիմելուց։ Հետագայում ինձ հաջողվեց համոզել հորս, որ ավելի լավ է խուսափել դատարաններից։ Իր կյանքի վերջին տարիներին տարվելով հույն դասականների թարգմանությամբ հունարենից հայերեն՝ նա դատարան բոլորովին չէր դիմում» ,- գրել է Վիկտոր Համբարձումյանը։
Մայրը՝ Հռիփսիմե Ցխինվալին, քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ «Ինչպես բոլոր «կարգին» հայ կանայք, մայրս հիմնականում զբաղվում էր տան գործերով» ,- գրել է Վիկտոր Համբարձումյանը։
Համազասպ և Հռիփսիմե Համբարձումյանները, Թիֆլիս (1906թ.)
Համազասպ Համբարձումյանը հին հունարենից հայերեն է թարգմանել Հոմերոսի «Իլիականը» և Ոդիսականը, հույն ողբերգակների ստեղծագործությունները, երկար տարիներ զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Համազասպ Համբարձումյանի ողջ գրադարանը նրա մահից հետո նվիրաբերվել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանին։
Վիկտոր Համբարձումյանն ընտանիքի միջնեկ զավակն էր, ուներ իրենից մեկ տարով մեծ քույր՝ Գոհարիկը և իրենից երկու տարի փոքր եղբայր՝ Լևոնը։ Երեխաներից միայն Լևոնը բարձրագույն կրթություն չի ստացել․ ռուսերենի չիմացությունը խոչընդոտել է Լենինգրադում ԲՈՒՀ ընդունվել։ Նա դարձել է գրավիմետրիստ, աշխատել Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ աշխատախմբերում։ Մահացել է երիտասարդ տարիքում, դժբախտ պատահարից։ Քույրը՝ Գոհարիկը, ավարտել է Լենինգրադի համալսարանը։ Եղել է Պոլիտեխնիկական ինստիտուտի և ԵՊՀ դոցենտ, մահացել է 1979թ․։
Համազասպ Համբարձումյանի երեխաները (1913թ․)
Վիկտոր Համբարձումյանը դեռ մանկուց հետաքրքրվել է մաթեմատիկայով։ «Երբ ես երեք կամ չորս տարեկան էի, հայրս նկատեց, որ ես արագ և հեշտությամբ կարողանում եմ մտքում լուծել պարզ թվաբանական խնդիրներ։ Պատմում են, որ ինձ համար դժվար չէր մտքում բազմապատկել նույնիսկ երկնիշ թվեր։ Հայրս ամեն կերպ խրախուսում էր իմ հետաքրքրությունն այդպիսի վարժությունների նկատմամբ։ Նա շատ էր ոգևորվում և փորձում էր ինձ նաև հանրահաշվի խնդիրներին ծանոթացնել դեռ 5-6 տարեկան հասակում» ,- գրել է Վիկտոր Համբարձումյանը։ Վիկտորը 5 տարեկան է
Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվել մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ Վիկտոր Համբարձումյանի հակումները, հատկապես հրապուրվել է հարաբերականության տեսությամբ։ Դպրոցական հասակում հրապարակային դասախոսություններ է կարդացել ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ Թբիլիսիում և Երևանում։
16 տարեկանում Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Մեկ տարի անց տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի նույնանուն ֆակուլտետ․ «1924 թվականին համալսարան ընդունվելը դժվար էր։ Կարող էր օգնել կամ բանվորական «ստաժը» կամ բանվորական ծագում ունենալը։ Իմ և Գոհարի դեպքում այդ պայմանն առկա չէր։ Բացի դրանից, պարզվեց նաև, որ մենք ուշացել ենք, և Լենինգրադի համալսարանում բոլոր ընդունելություններն արդեն ավարտված էին։ Ինձ խորհուրդ տվեցին դիմել Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտ, որտեղ ընդունելությունը դեռ շարունակվում էր։ Այդպես էլ արեցի։ Հաջողությամբ հանձնեցի քննությունները և ընդունվեցի ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետ։ Մեկ ու կես տարի հետո ինձ հաջողվեց տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ ․․․Արդեն երրորդ կուրսում համարվում էի ամենաառաջադեմ ուսանողներից մեկը» ։
Ուսանողական տարիներին նա հրապարակել է մոտ 10 գիտական հոդված, որոնք վկայել են նրա գիտական հետաքրքրությունների լայն շրջանակի մասին։
1928թ․ Վիկտոր Համբարձումյանն ընդունվել է նշանավոր Պուլկովյան աստղադիտարանի ասպիրանտուրա և ռուս հայտնի աստղաֆիզիկոս ակադեմիկոս Արիստարխ Բելոպորսկու ղեկավարությամբ սկսել է մասնագիտանալ աստղաֆիզիկայի բնագավառում։ «Դա մի ժամանակաշրջան էր, երբ ատոմի ժամանակակից տեսության առաջացումն անհրաժեշտ նախադրյալներ էր ստեղծել դեռևս շատ երիտասարդ տեսական աստղաֆիզիկայի բուռն ծաղկման համար։ Վիկտոր Համբարձումյանը դարձավ առաջին տեսաբան-աստղաֆիզիկոսը Խորհրդային Միությունում» ,- գրել է ակադեմիկոս Լ․Վ․ Միրզոյանը։
1931թ․ ասպիրանտուրան ավարտելուց հետո Համբարձումյանը հրավիրվել է դասախոսելու Լենինգրադի պետական համալսարանում՝ միաժամանակ շարունակելով գիտական աշխատանք կատարել Պուլկովոյի աստղադիտարանում որպես գիտական քարտուղար։
Նույն տարում Վիկտոր Համբարձումյանն ամուսնացել է։ «1931 թվականի վերջին ամուսնացա։ Արդեն վաթսուն տարի է, ինչ ես և Վերա Ֆյոդորովնան (օրիորդական ազգանունը՝Կլոչիխինա) ամուսիններ ենք, ունենք չորս զավակ, շատ թոռներ և ծոռներ։ Մեր ընտանեկան դաշինքը հաստատվեց առանց որևէ փաստաթղթի և պաշտոնական ձևակերպման» ,- գրել է Համբարձումյանը։
Վերա Ֆյոդորովնան (1947թ․), Վիկտոր Համբարձումյանի ընտանիքը (1947թ․)
1932թ․ անգլիական թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» ամսագրում լույս է տեսել Համբարձումյանի «Մոլորակաձև միգամածության հավասարակշռությունը» աշխատությունը, որը կարևոր նշանակություն է ունեցել գազային միգամածությունների ֆիզիկայի պատմության մեջ։ «Հիշյալ աշխատությունը, որով սկսվեց գազային միգամածությունների վերաբերյալ Համբարձումյանի աշխատությունների շարքը, մեծ հետաքրքրություն առաջացրեց աշխարհի շատ գիտնականների մոտ։ Այդ մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի հաշվետվության մեջ ասվում էր․ «Առաջին անգամ միգամածությունների լուսարձակման ճշգրիտ մեկնաբանությունն առաջարկել են հայտնի աստղաֆիզիկոսներ Ռոսելանդը և Զանստրան, բայց միայն Համբարձումյանը տվեց այդ ընթացքում տեղի ունեցող պրոցեսների ճշգրիտ մաթեմատիկական հիմնավորումը» ,- գրել է Գևորգ Ղարիբջանյանը։
1936թ․ Համբարձումյանը լուծել է անգլիացի գիտնական Արթուր Էդինգտոնի առաջադրած՝ աստղերի տեսագծային արագություններով նրանց տարածական արագությունների բաշխման որոշման խնդիրը։ 1935-1937թթ․ Համբարձումյանը գիտական վեճ է ունեցել անգլիացի գիտնական Ջինսի հետ Գալակտիկայի արդի վիճակի տարիքի մասին։ Նա ցույց է տվել, որ այն շուրջ հազար անգամ ավելի փոքր է Ջինսի հաշվումների հիման վրա գիտնականների կողմից ընդունված գնահատականից։
Վիկտոր Համբարձումյանի հետազոտությունները ժամանակին ըստ արժանվույն են գնահատվել։ 1934թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Նա հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը և հեռացել Պուլկովոյի աստղադիտարանից։ 1935թ. առանց ատենախոսության պաշտպանության Համբարձումյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 4 տարի անց՝ 1939թ․, նա ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, նույն տարում նշանակվել է Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ «1938 թվականի վերջերին հայտարարվեցին համամիութենական Ակադեմիայի ընտրությունները։ Լենինգրադի համալսարանն առաջարկեց իմ թեկնածությունը։ «Правда» թերթն իր համարներից մեկում զետեղեց մի առաջնորդող, որտեղ ասված էր՝ Ակադեմիան պարտավոր է իր կազմում ընտրել առաջադեմ գիտնականների։ Այդ նույն հոդվածում հիշատակված էին մի քանի գիտնականների անուններ, որոնց թվում էր նաև իմ անունը։ 1939 թվականի հունվարին կայացան ընտրությունները։ Մի շարք գիտնականների հետ ինձ ընտրեցին թղթակից-անդամ։ Թերթերը գրում էին այդ ընտրության մասին, թե դա իսկական գիտության հաղթանակ է։
Ես արդեն երեսուն տարեկան էի և իմ առջև բացվում էին աշխատելու լայն հնարավորություններ։ Լենինգրադի համալսարանում ինձ նշանակեցին գիտական գծով պրոռեկտոր» ,- գրել է Վիկտոր Համբարձումյանը։
Նա 1939-1941թթ․ պաշտոնավարել է որպես Լենինգրադի պետական համալսարանի աստղադիտարանի տնօրեն։
Իր աշխատանքների մի նոր, ստվար շարք Վիկտոր Համբարձումյանը նվիրել է միջաստղային նյութի ուսումնասիրությանը։ Նա հիմնավորել է այն պատկերացումը, որ մեր աստղային համակարգում լույսի կլանման երևույթը պայմանավորված է նրա ներսում բազմաթիվ փոշային միգամածությունների՝ ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են համակարգի հարթության շուրջ։ Նա մշակել է աստղերի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների տեսությունը, որը կարևոր դեր է խաղացել միջաստղային կլանող ամպերի հատկությունների ուսումնասիրության և աստղաբաշխության մեջ ստեղծելու մի նոր ուղղություն։
Վիկտոր Համբարձումյանի գիտական և կազմակերպական գործունեությունը չի ընդհատվել Հայրենական մեծ պատերազմի օրերին։ «Համալսարանի ռեկտոր Զոլոտուխինը գտնվում էր արձակուրդում, և համալսարանում որպես պրոռեկտոր մնացել էի ես։ Շտապ վազեցի համալսարան և համարյա համոզված լինելով, որ պատերազմը սկսվել է, այնտեղ մի քանի անհրաժեշտ կարգադրություններ արեցի։ Ամսի 22-ին և 23-ին ես համարյա դուրս չէի գալիս ռեկտորատից և սպասում էի ռեկտորի վերադարձին՝ կատարելով նրա ընթացիկ պարտականությունները։ Բայց իմ գրպանում կար զինվորական տոմս, որն ինձ պարտադրում էր մոբիլիզացիայի առաջին օրը ներկայանալ բանակ։ ․․․Հունիսի 25-ին՝ առավոտյան, ինձ ուղարկեցին Լենինգրադի շրջանում գտնվող Վիտրինո զինվորական օդակայան։ ․․․Հուլիսի սկզբներին ինձ հետ կանչեցին բանակից․ Համամիութենական Գիտությունների Ակադեմիայի անդամները և թղթակից անդամներն իրենց զինվորական պարտականությունները պետք է կատարեին ավելի բարձր ատյանների որոշմամբ։ Իմ օգտագործումը՝ որպես շարքային զինվորի, չէր համապատասխանում ընդունված կարգին, և ես ստացա շատ պատասխանատու հանձնարարություն․ մնալով Լենինգրադի համալսարանի պրոռեկտոր գիտության գծով՝ ես համալսարանի պրոֆեսորական-դասախոսական կազմից պետք է ընտրեի այն մասը, որն ընդունակ էր կատարել պաշտպանական նշանակություն ունեցող գիտական աշխատանքներ, նրանցից կազմել համալսարանի մի մասնաճյուղ և իրենց լաբորատոր սարքավորումներով տեղափոխել խոր թիկունք՝ այնտեղ գիտառազմական հետազոտություններ կատարելու նպատակով։ Ես անցա գործի․․․ » ։
1941թ․ նշանակվել է Պետերբուրգի համալսարանի մասնաճյուղի պետ Ելաբուգա քաղաքում (Թաթարական ԻՍՍՀ), որտեղ էվակուացվել էին համալսարանի գիտական լաբորատորիաները։ Պատերազմի ծանր օրերին այդ լաբորատորիաներում նրա ղեկավարությամբ կատարվել են պաշտպանական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր հետազոտություններ։ Այդ աշխատանքներին զուգահեռ Համբարձումյանը զբաղվել է գիտական աշխատանքով՝ նվիրված պղտոր միջավայրերում լույսի բազմապատիկ ցրման պրոբլեմին։ Այդ տարիներին նրա մշակած լույսի ցրման նոր և յուրօրինակ տեսությունը խոշոր ավանդ էր գիտության մեջ, իսկ նրանում առաջ քաշված ինվարիանտության սկզբունքը կարևոր կիրառություն ստացավ ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և գեոֆիզիկայի որոշ բաժիններում»,- գրված է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էլլմա Պարսամյանի՝ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված «Վիկտոր Համբարձումյան» գրքում։
1943թ․ հիմնադրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան։
«Մոսկվայում, 1943թ․ սեպտեմբերին, անցնելով Կրոպոտկինի փողոցով, պատահաբար հանդիպեցի Հովսեփ Օրբելուն։ Նա արտակարգ բարձր տրամադրություն ուներ և ինձ հայտնեց, որ Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմակերպման հարցն արդեն, ըստ էության, լուծված է։ Հանդիսավոր բացումը կկայանա 1943 թվականի նոյեմբերի 29-ին։ Հետո Օրբելին հարցրեց․ «Դուք չե՞ք հրաժարվի նորակազմ Գիտությունների ակադեմիայում աշխատելուց»։ Իմ դրական պատասխանից հետո նա ավելացրեց, որ Հայաստանի ԳԱ-ում աշխատելը ամենևին էլ չպետք է նշանակի, որ ես պետք է թողնեմ իմ հիմնական աշխատանքը Լենինգրադի համալսարանում։ Դրան ես պատասխանեցի, որ աշխատել Հայաստանի գիտությունների ակադեմիայում ես կհամարեմ ինձ համար ամենապատվավոր պարտքը։ Այդ պատճառով, եթե ինձ այնտեղ գիտական աշխատող նշանակեն, ես անպայման տեղափոխվելու եմ Երևան՝ ինձ ամբողջովին գործին նվիրելու» ,- գրել է Վիկտոր Համբարձումյանը «Կյանքի դրվագներ» գրքում։ Վիկտոր Համբարձումյանը դարձել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ և ընտրվել ակադեմիայի փոխնախագահ։
ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամները
«Ես հասա Երևան դեկտեմբերի 4-ին։ Կայարանում ինձ դիմավորեցին աստղագետներ Հ․ Բադալյանը և Բ․ Մարգարյանը և հայտնեցին, որ իմ անունը կա Ակադեմիայի իսկական անդամների ցուցակի մեջ, որը հաստատվել է կառավարության կողմից։ Իսկ Ակադեմիայի հիմնադիր կազմն արդեն ընտրել էր ինձ փոխպրեզիդենտի պաշտոնում» ,- հիշում է իր գրքում Համբարձումյանը։ Նորաստեղծ ակադեմիայի կազմակերպման մասին նա գրել է․ «․․․Մեզ հարկավոր էր պայմանավորվել Ակադեմիայի աշխատանքի մի քանի ուղղությունների մասին։ Մինչ այդ կար ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի նախագահն էր Հովսեփ Օրբելին։ Մասնաճյուղն իր կազմում ուներ մի քանի գիտական ինստիտուտներ, բայց նրա կշիռը խորհրդային գիտության մեջ չնչին էր։ Իր գոյության հինգ տարվա ընթացքում նա կազմել և հրատարակել էր «Սասունցի Դավիթ էպոսի հավաքական տեքստը, շարունակել էր երկրաբան Հովհաննես Կարապետյանի հետազոտությունները։ Հետագայում դա տվեց լավ արդյւնքներ։ Բայց գիտության ժամանակակից ճյուղերը քիչ էին արտացոլված մասնաճյուղի գործունեության մեջ։ Մենք եկանք մի քանի կարևոր եզրակացությունների․ա) Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին կազմը բավականաչափ ուժեղ էր հասարակական գիտությունների, մասնավորապես հայագիտության բնագավառում։ Բավական է տալ Հակոբ Մանանդյանի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Ստեփան Մալխասյանի և Հովսեփ Օրբելու անունները։բ) սակայն Հայաստանի ժողովրդական տնտեսության զարգացումը ետպատերազմյան ժամանակաշրջանում պետք է գնար արդյունաբերական բնագավառում, մասնավորապես, արագ պետք է զարգանար մեքենաշինությունը և սարքաշինությունը։գ) Այդ կապակցությամբ Ակադեմիան պետք է առանձին ուշադրություն նվիրեր ճշգրիտ գիտությունների զարգացմանը, որոնց հիմքը կազմում էին ֆիզիկամաթեմատիկական գիտությունները։ Իսկ այդ բնագավառում մեզ պետք էր անցնել վերելքի հսկայական ճանապարհ, քանի որ առկա մակարդակը շատ ցածր էր» :
1944թ․ Վիկտոր Համբարձումյանը վերջնականապես հրաժեշտ է տվել Լենինգրադի համալսարանին և ընտանիքը Ելաբուգայից տեղափոխել Երևան։ Բացի ակադեմիայում ունեցած պարտականությունները Համբարձումյանը նշանակվել է ակադեմիայի Երևանի աստղադիտարանի ղեկավար․ «Այն խղճուկ վիճակում գտնվում էր Ղ․ Ղուկասյանի անվան պուրակում։ Աշխատակիցների կազմում չկար գիտության ոչ մի թեկնածու։ Միակ քիչ թե շատ աշխատունակ մարդիկ Բադալյանն ու Մարգարյանն էին․․ Միակ գործիքը Լենինգրադի համալսարանի աստղադիտարանից ժամանակավորապես վերցված 9-դյույմանոց աստղադիտակն էր։ Հիմնարկն այդ վիճակում իրեն չէր արդարացնում, և ես ապրում էի այն հույսով, որ համալսարանում պատրաստենք լավ մասնագետներ և ապա ձեռք բերենք մի աշխատունակ աստղադիտակ» ։
Աստղաֆիզիկայի զարգացման շահերը պահանջում էին քաղաքից դուրս նոր աստղադիտարանի ստեղծում։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ը որպես ռազմատուգանք ստանում էր պարտված ֆաշիստական Գերմանիայի արևելյան գոտու, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում և արևելյան Ավստրիայում գտնվող Գերմանիայի ակտիվները: Դրանց թվում էին նաև աստղադիտարանների սարքավորումներ:
«1945-1946 թվականների ձմռանը Մոսկվայում կայացավ կարևոր որոշում: Բանն այն էր, որ պատերազմի ընթացքում քարուքանդ էին արվել խորհրդային ամենախոշոր աստղադիտարանները` Պուլկովոն, Սիմիեզը, Կիևի դիտարանը: Որոշվեց Գերմանիայից ռեպարացիայի կարգով բերել և Խորհրդային Միությունում տեղադրել մի շարք գործող և Ցայսի մոտ կառուցվող աստղադիտակներ: Որոշվեց նաև, որ գործիքներն առաջին հերթին պետք է տեղադրել Պուլկովոյում, Ղրիմում և Կիևում: Քանի որ պատերազմից առաջ նախատեսվում էր աստղագիտական կենտրոն կազմակերպել նաև Հայաստանում, և քանի որ այդ գործը տուժել էր պատերազմի հետևանքով, աստղագիտական խորհուրդը որոշեց, որ Հայաստանի Ակադեմիան ևս իրավունք ունի ստանալու ռեպարացիոն գործիքների մի մասը: Մեզ համարում էին այդ տեսակետից երկրորդ հերթում, բայց ինչպես պարզվեց հետագայում, ամենից շատ շահեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան» ,- գրել է Վիկտոր Համբարձումյանը։
1946թ-ին անգլիական Թագավորական ընկերությունը կազմակերպել էր Իսահակ Նյուտոնի ծննդյան 300-ամյակի տոնակատարությունը, որին ԽՍՀՄ ակադեմիայից մասնակցելու համար որոշվել էր ուղարկել չորս հոգուց կազմված պատվիրակություն՝ քիմիկոս Ալեքսանդր Արբուզովին, մաթեմատիկոս Իվան Վինոգրադովին, ռադիոֆիզիկոս Բորիս Վվեդենսկուն և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին։ Պատվիրակության կազմը համապատասխանում էր Նյուտոնի տարբեր մասնագիտություններին: Անգլիայից վերադարձին պատվիրակությունը կանգ է առել Գերմանիայում։ Այստեղ Վիկտոր Համբարձումյանն օգտագործել է իր կապերը և այցելել Յենայում գտնվող Կարլ Ցայսի գործարան, որտեղ առաջին անգամ տեսել է Շմիդտի տիպի մեկ մետրանոց աստղադիտակը, որը հետագայում հատկացվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիային։ Այս աստղադիտակը ուշագրավ պատմություն ունի։ «Երեսնական թվականների վերջին երկու ֆաշիստական պետությունների` Գերմանիայի և Իտալիայի միջև հաստատվել էր մտերմություն: Գերմանիան այդ ժամանակ ուներ ուժեղ օպտիկա-մեխանիկական արտադրություն, իսկ Իտալիան այդպիսին համարյա չուներ: Սակայն աստղագիտական դիտումների տեսակետից Իտալիայի բնական պայմանները շատ ավելի նպաստավոր են: Գերմանիան (ի դեմս Կարլ Ցայսի գործարանի) որոշեց պատրաստել և Իտալիային նվիրել մի ամբողջ աստղադիտարանի ժամանակակից սարքավորում, որի մեջ ամենակարևորը պետք է լիներ օբյեկտիվ մեկ պրիզմայով մեկ մետրանոց Շմիդտի դիտակը: ․․․Համարվում էր, որ դա կլինի Հիտլերի նվերը Մուսոլինիին» ,- գրել է Համբարձումյանը:
1946թ․ Հայաստան վերադառնալուց հետո Վիկտոր Համբարձումյանը նախաձեռնությամբ սկսվել են Բյուրականում աստղադիտարանի հիմնադրման աշխատանքները։
«Պարզ էր, որ քաղաքի կենտրոնում գտնվող աստղադիտարանը ոչ մի հեռանկար չէր կարող ունենալ։ Այդ իսկ պատճառով մենք հարց դրեցինք աստղադիտարանի համար նոր վայր գտնելու մասին։ Ընտրեցինք Բյուրական գյուղի շրջակայքը։ Այնտեղ պարզ գիշերների քանակը պետք է մոտավորապես նույն կարգի լիներ, ինչ Արարատյան դաշտավայրում, բայց միևնույն ժամանակ Բյուրականն ավելի բարձր է, քան փոշու շերտը, որը շատ է խանգարում Արարատյան դաշտավայրում։ ․․․ 1946 թվականին մենք վերջնականապես կանգ առանք գյուղի հարավում գտնվող տարածքի վրա։ Այստեղ 1946 թվականին կառուցվեց մի տնակ, բաղկացած վեց սենյակից։ Այդ սենյակները կարելի էր օգտագործել և որպես բնակելի մակերես, և որպես աշխատանքի վայր» ,- գրել է Համբարձումյանը:
Նորաստեղծ Բյուրականի աստղադիտարանը Գերմանիայից որպես ռազմատուգանք ստացել է երկու պատրաստի գործիք՝ կրկնակի 5 դյույմանոց աստրոգրաֆ, որը թույլ էր տալիս նկարել մինչև 13,5 մեծության աստղեր և օգտագործվել է փոփոխական աստղեր դիտելու համար, և 8 դյույմանոց Շմիդտի կամերա՝ օբյեկտիվ պրիզմայով։ «Սակայն մեր ամենամեծ սպասելիքները կապված էին երրորդ գործիքի հետ, որը դեռևս Ցայսի գործարանում էր։ Դա Շմիդտի մեկ մետրանոց բացվածք ունեցող դիտակն էր» ,- գրել է Համբարձումյանը:
Կարլ Ցայսի գործարան Համբարձումյանի այցից ամիսներ անց գործարանն ապամոնտաժվել է և տեղափոխվել Խորհրդային Միություն և շուրջ 15 տարի է պահանջվել, որպեսզի այս աստղադիտակը պատրաստվի։ Բյուրականի աստղադիտարանում այն շահագործման է հանձնվել 1961թ․։ «Այդ գործիքին վիճակվեց 1965 թվականից մինչև 1980 թվականը լինել աշխարհում ամենաարդյունավետ աշխատած աստղադիտակներից մեկը, իսկ լայն դաշտ ունեցող դիտակների մեջ նա, անկասկած, առաջինն էր։ ․․․Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով (ճեղքային սպեկտրոգրաֆներով): Մեր առաջնությունը պահպանելու համար ես հրահանգեցի Խաչիկյանին, որպեսզի Բյուրականում հայտնաբերված կապույտ գալակտիկաների դասն անվանի «Մարգարյանի գալակտիկաներ»: Խաչիկյանը կատարեց այդ հանձնարարությունը: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից»,- գրել է Համբարձումյանը ։
Շմիդտի աստղադիտակով իրականացված աստղագետ Բենիամին Մարգարյանի ուսումնասիրությունների արդյունքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում :
Բյուրականի աստղադիտարանի շինարարությանը զուգահեռ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ նրա աշակերտների մի փոքր խումբ շատ համեստ աստղադիտակներով տառացիորեն բաց երկնքի տակ սկսել է աստղագիտական դիտումներ Գալակտիկայի կառուցվածքի, աստղերի ու միգամածությունների ուսումնասիրության ուղղությամբ։ «Ինքը՝ Վիկտոր Համբարձումյանը, զբաղվում է աստղերի և աստղային համակարգերի վերաբերյալ աշխարհի տարբեր աստղադիտարաններում կուտակված հարուստ դիտողական տվյալների մանրամասն տեսական վերլուծությամբ և ընդհանրացմամբ։ Այդ աշխատանքը, որը նա, փաստորեն սկսել էր շուրջ տասը տարի առաջ Լենինգրադում, 1947թ․ պսակվեց Գալակտիկայում նոր տիպի աստղային համակարգերի հայտնագործությամբ, որոնք ստացան աստղասփյուռներ անվանումը։ Աստղասփյուռների հայտնագործումը խոշորգույններից մեկն է գիտության մեջ վերջին տասնամյակների ընթացքում։ Գիտնականի հետագա աշխատանքները նվիրվում են աստղասփյուռների տեսության զարգացմանը․․․
Այդ աշխատանքներում առաջին անգամ ցույց տրվեց, որ աստղառաջացումը Գալակտիկայում ներկայումս շարունակվում է աստղասփյուռներում՝ աստղառաջացման օջախներում բացահայտվեցին երիտասարդ աստղերի ֆիզիկայի և կինեմատիկայի կարևոր առանձնահատկությունները» ,- գրել է Լ․Միրզոյանը։
1947թ.՝ 39 տարեկանում, Վիկտոր Համբարձումյանն ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ «1947 թվականի սկզբին կայացան Գիտությունների ակադեմիայի նախագահության երկրորդ ընտրությունները։ Հովսեփ Օրբելու ժամկետի ավարտման կապակցությամբ անհրաժեշտ էր ընտրել նոր պրեզիդենտ։ Այդ ընտրությունների ժամանակ նախագահում էր Ավետիք Իսահակյանը։ Նա առաջարկեց իմ թեկնածությունը։ Նրա ճառը, որտեղ նա հիմնավորում էր իր առաջարկը, լսեցի մեծ հուզմունքով։ Իսահակյանի խոսքը՝ ի պաշտպանություն իմ թեկնածության, շատ բարձր պատիվ էր ինձ համար, որովհետև խոսողը Իսահակյանն էր։ Պատշաճ հարգանքով վարպետը խոսեց նաև Հովսեփ Օրբելու մասին։ Ընտրությունն անցկացնելուց հետո ես ձայն խնդրեցի և առաջարկեցի, որ այսուհետև Օրբելու նկարը միշտ կախված լինի Ակադեմիայի շենքում։ Ինձ հաջողվեց գտնել Օրբելու լավ դիմանկար, որը և կախվեց Ակադեմիայի նախագահությունում՝ սկզբում հին շենքում, իսկ 1955 թվականից՝ նոր շենքում» ,- գրել է Համբարձումյանը։
Վիկտոր Համբարձումյանը Կառլովի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալիս (Պրահա, 1967թ․)
Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնում վերընտրվել է մինչև 1993 թ.։ 1993թ․ Հայաստանի Հանրապետության հատուկ հրամանագրով, նկատի ունենալով նրա բացառիկ վաստակը համաշխարհային գիտության զարգացման և Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմակերպման և ղեկավարման գործում, սահմանվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտի կարգավիճակ։ Ակադեմիկոսներն ընտրել են նրան ՀՀ ԳԱԱ պատվավոր պրեզիդենտ։ Վիկտոր Համբարձումյանը գիտության խոշորագույն կազմակերպիչ էր, նա ոչ միայն ղեկավարել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, այլև Բյուրականի աստղադիտարանը, Հայաստանի «Գիտելիք» ընկերությունը, Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնը։
Նրա ղեկավարությամբ առաջին անգամ ստեղծվել են «Հայկական սովետական հանարագիտարանի» 12 հատորները։ 1968-1972թթ․ երկու անգամ անընդմեջ ընտրվել է Գիտական միությունների միջազգային խորհրդի պրեզիդենտ։ Երկու անգամ նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով։ 1994թ․ հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների համար և ազգանպաստ գործունեության համար Վիկտոր Համբարձումյանին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։
Նա ընտրվել է ԱՄՆ, Անգլիայի, Բելգիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրիայի, Իտալիայի, Հունաստանի և այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր, ստացել է ակադեմիաների ոսկե մեդալներ։ 1950 թվականից սկսած 5 անգամ անընդմեջ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ։
Բագավան (1996թ․)
Վիկտոր Համբարձումյանը մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին՝ Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը կրում է իր հիմնադրի անունը:
Վիկտորյա Բուռնազյան