ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի սերմերի բանկը 2018-2021թթ. մասնակցել է Կովկասի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավում մրգերի և ընդեղենի պահպանման միջոցով» միջազգային գիտահետազոտական ծրագրի իրականացմանը՝ համագործակցելով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական ՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի Քյու Թագավորական Բուսաբանական Այգիների Հազարամյակների սերմերի բանկի (Millennium Seed Bank, Royal Botanic Gardens, Kew, UK), Վրաստանի ազգային բուսաբանական այգու և Վրաստանի Բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագիրն իրականացվել է «Դարվին ինիթիաիթիվ» (Darwin Initiative) հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են.
- պտուղ-հատապտուղների պոպուլյացիաների հետազոտություններ և սպառնալիքների գնահատումներ
- պտուղ-հատապտուղների օգտագործման էթնոբուսաբանական ուսումնասիրություններ
- սերմերի ex situ պահպանություն և in situ պահպանություն համայնքներում
- բույսեր և դրանց սերմերի կենսունակության, վարիացիաների և գենետիկական ամբողջականության հետազոտություն:
Բացահայտվել է, որ բուսատեսակների զգալի մասն ունի պահպանության բարելավման անհրաժեշտություն:
Ծրագրի առանցքում եղել է Հայաստանի և Վրաստանի գյուղական համայնքների զարգացումն ու տնտեսական վիճակի բարելավումը՝ մրգերի և ընդեղենի պահպանության, կայուն օգտագործման միջոցով: Համայնքներում իրականացվել են դասընթացներ՝ տարածքի բուսաբանական հարստության, բույսերի տեսակների, դրանց օգտակարության և առավելագույն կայուն օգտագործման վերաբերյալ՝ չխախտելով բնական էկոհամակարգերը: Համայնքների շրջակայքում առկա կարևոր տնտեսական նշանակություն ունեցող և վերացման վտանգի տակ գտնվող տեսակների սերմերը հավաքվել և պահպանվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի սերմերի բանկում՝ բնական աճելավայրից դուրս (ex situ) պահպանության նպատակով։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 61 տեսակի 80 պոպուլյացիայից սերմերի հավաք` Rosa, Rubus, Ribes, Pyrus, Sambucus, Amelanchier, Berberis, Crataegus, Cotoneaster ցեղերից։ Յուրաքանչյուր երկրի աշխատանքային թիմի կազմում ընդգրկվել է մեկական մագիստրանտ, ովքեր ծրագրի միջոցներով ապահովվել են համապատասխան նյութատեխնիկական բազայով և իրականացրել թիրախ բույսերի գենետիկական ուսումնասիրություններ, 2 շաբաթով վերապատրաստվել են Քյու Թագավորական Բուսաբանական Այգիների լաբորատորիաների լավագույն մասնագետների մոտ։
Հետազոտությունների արդյունքները տպագրվել են «Վայրի պտղատուների հավաքի վերլուծություն Խաչիկ գյուղի օրինակով, Վայոց Ձոր, Հայաստան» բրոշյուրում, որի համահեղինակներն են՝ Ներսեսյան Ա., Պապիկյան Ա., Հակոբյան Է. (Երևան, Լիմուշ հրատարակչություն, 2021)։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.10.2022թ.