ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Վահագն Խաչատրյանի կարգախոսն է. «Երբեք չհանձնվել և փակ դռները բացել աշխատասիրությամբ»:
Վահագն Խաչատրյանը ծնվել է Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրում, 30 տարեկան է, մասնագիտությամբ՝ բժիշկ ռադիոլոգ, հանրային առողջապահության մասնագետ: Սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, հանրային առողջապահության ֆակուլտետներում, անցել է օրդինատուրա ռադիոլոգիա մասնագիտությամբ: Վահագն Խաչատրյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, Ռադիոլոգիայի եվրոպական միության (ESR) և «Human Brain Project»-ի անդամ:
Վահագնը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող է: Նա պաշտպանել է «Առնետների գլխուղեղի կեղևի և որոշ ենթակեղևային կորիզների մորֆոֆունկցիոնալ ուսումնասիրություններն ալկոհոլային ախտահարման և տաուրինի ազդեցության պայմաններում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ բժշկական գիտությունների դոկտոր Տիգրան Ղևոնդյանի ղեկավարմամբ: Այս հետազոտությունները կարևորվում են նաև սոցիալական տեսակետից, քանի որ աշխարհում դիտվում է ալկոհոլիզմի աճ, և շատ երկրներում այն դարձել է լուրջ սոցիալական խնդիր: Հետազոտությունների արդյունքները կարող են օգտագործվել նյարդաբանության և կախվածությունների բուժման գործում:
«Ստացված արդյունքները վկայում են տաուրինի օգտագործման արդյունավետության, նյարդապաշտպանիչ և նյարդավերականգնողական ազդեցության մասին, որը բերում է նյարդաբջիջների ռեգեներացիայի և կենսունակության բարձրացման, կարգավորում ֆոսֆատազային ակտիվությունը, արագացնում նյութափոխանակությունը: Ապագայում այն կարող է դառնալ բուժական միջոց ալկոհոլամոլության և դրա հետևանքով առաջացած ախտանիշները վերացնելու համար», - ասում է Վահագն Խաչատրյանը:
Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:
- Պատշաճ ֆինանսավորումը, որակյալ ակադեմիական կրթությունը, կրթական ծրագրերում գիտահետազոտական առարկաների ընդգրկումը, ներքին և արտաքին կապերի ստեղծումը: Գիտությանը նվիրվելու և այն զարգացնելու համար երիտասարդ գիտնականին անհրաժեշտ է մոտիվացիա, որն ուղիղ կերպով կապված է գիտնականի աշխատավարձի հետ:
Ի՞նչ կցանկանայիք փոխվեր գիտության ոլորտում:
- Կցանկանայի, որպեսզի ստեղծվեր հնարավորություն մուլտիդիսցիպլինար համագործակցության համար հարակից գիտությունների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, գիտնականների հետ, հայազգի և արտասահմանցի բարձր վարկանիշ ունեցող գիտնականներն ընդգրկվեին Հայաստանի գիտական հաստատություններում:
Հայաստանում ի՞նչ հեռանկարներ կան կիրառական գիտության զարգացման համար:
- Հեռանկարներն ուղիղ համեմատական են գիտնականների գիտական գաղափարների կիրառելիության հետ: Պետք է զարգացնել այնպիսի գիտական գաղափարներ, որոնց արտադրանքն առավելագույնս կիրառելի կլինի: Հայ գիտնականների գիտական արտադրանքի արդյունավետ կիրառելիության դեպքում գիտնականի կերպարի ընկալումը կփոխվի դեպի դրականը:
Ի՞նչ խոչընդոտներ կան կոնկրետ ձեր ոլորտում:
- Ֆինանսավորման սակավություն և գիտական ծրագրերի համար պետական բազային ֆինանսավորման բացակայություն, նյութատեխնիկական բազայի անբավարարություն: Գիտական հետազոտությունների համար նախատեսված գործիքների և քիմիական նյութերի գնումները պետք է հեշտացվեն, մշակվեն կոնկրետ և պրակտիկ օրենքներ, որոնք առավալագույնը կհեշտացնեն միջազգային գնումները: Իմ կարծիքով՝ Հայաստանում հնարավորություն կա հիմնելու լաբարատոր սարքավորումների և քիմիական նյութերի արտադրություն:
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:
- Կարծում եմ՝ արդյունավետ կլինի արդեն կայացած գիտնականի համար էլ ավելի մանրակրկիտ հետազոտելու, զարգացնելու և հղկելու նախկինում ստացված գիտական տվյալները PostDoc-ի շրջանակներում, ինչպես նաև փորձարկելու նոր գիտական գաղափարներ, և արդեն հաջորդող ծրագրերի իրականացման ժամանակ ցուցաբերելու առավել պրոֆեսիոնալ մոտեցում:
Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:
- Ուրախ եմ, որ կա ևս մեկ հարթակ և միասնական գաղափար, որոնք կօգնեն զարգացնելու գիտությունը Հայաստանում:
Որտե՞ղ եք տեսնում Ձեզ ապագայում:
- Միանշանակ Հայաստանում, քանի որ բացի գիտությունից զբաղվում եմ նաև բժշկությամբ, համավարակի ու պատերազմի ժամանակ ունեցել եմ ակտիվ մասնակցություն, ավելի եմ կապվել Հայաստանին: Ունեցել եմ շատ հնարավորություններ արտերկրում աշխատելու, բայց ավելի կարևոր եմ համարել Հայաստանում կայանալ որպես մասնագետ:
Մոնիկա Երիցյան