Վահե Սարգսյանը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող է: Գիտի ռուսերեն, գերմաներեն, ուրարտերեն: Գիտական թեման ուրարտագիտությունից է՝ «Կ. Ֆ. Լեման-Հաուպտի [1] աշխատություններում Վանի թագավորության պատմության հիմնահարցերը» [2]:
Վահե Սարգսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են Հին Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները (մ.թ.ա II-I հազարամյակներ): Նա նպատակ ունի գերմաներենից հայերեն թարգմանելու մի շարք առանցքային աշխատություններ, գրելու Ուրարտուի քաղաքական պատմությունը: Լինելով ուրարտագետ՝ ղեկավարում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր [3] մասնաճյուղի աշխատանքները: Սկսած 2019թ.-ից՝ Կարմիր բլուրում հայ-ավստրիական համատեղ արշավախմբի կողմից ուսումնասիրություններ են իրականացվում:
- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ այժմ:
- Պեղումներ, որից հետո պեղված նյութերի հետազոտություն, արդյունքների ամփոփում, շարադրում, հնաբուսաբանական, հնակենդանաբանական հետազոտություններ:
- Ո՞րն է հետազոտության արդյունքում փաստված նորույթը:
- Իրականացված պեղումները նոր տվյալներ հաղորդեցին Կարմիր բլուր հուշարձանի ուրարտական ժամանակաշրջանի վերջին փուլի մասին, ինչը Ուրարտուի պատմության վերաբերյալ մի շարք վերանայումների հնարավորություն է տալիս:
- Ո՞վքեր են համագործակիցները:
- Ավստրիացի հնագետներ՝ Ինսբրուկի համալսարանի [4] պրոֆեսոր Վ. Կունտների [5] գլխավորությամբ:
- Ի՞նչ նոր հնարավորություն է տալիս Ձեզ այս համագործակցությունը:
- Նոր հնարավորությունները երկուստեք են՝ թե՛ ավստրիացի, թե՛ հայ հետազոտողների համար: Նշելի է, որ մեր ավստրիացի գործընկերները հնարավորություն են ունենում աշխատելու եզակի հուշարձանում, աշխատանքի ժամանակ քննարկումների արդյունքում ծնվում են նոր գաղափարներ, տեղի է ունենում փորձի փոխանակում:
- Միջազգային ո՞ր ամսագրին է ներկայացվել աշխատանքի արդյունքում կազմված հոդվածը:
- Հետազոտողներ Վ. Կունտների, Ս. Հայնշի [6], Մ. Բադալյանի և Վ. Սարգսյանի շարադրած նյութերի հիման վրա կազմված հոդվածը ներկայացվել է Quaternary International [7] հանդեսին:
- Միջազգային համագործակցությունից զատ, Դուք նաև սփյուռքի գիտական համայնքի հետ կապի ամրապնդման ջատագով եք: Ե՞րբ եք սկսել համագործակցել:
- 2018թ.-ին Բեյրութում կայացած «Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի հայերը» [8] միջազգային հայագիտական գիտաժողովից հետո: Ի դեպ, գիտաժողովին մասնակցելու խորհուրդ էր տվել պատմաբան Արծվի Բախչինյանը:
- Ի՞նչ համատեղ աշխատանքներ եք կազմակերպում:
- Սփյուռքի հետ մեր վերջին աշխատանքը եղել է հունվարի 22-ին Համահայկական կրթական առցանց աշխատաժողովի շրջանակում: Ես հանդես եմ եկել Վանի թագավորության մասին դասախոսությամբ:
Հավելենք, որ Վահե Սարգսյանը կարևոր է համարում հայաստանյան գրադարաններն անհրաժեշտ գրականությամբ համալրելը, ուսանողությանը հիմնարար գիտելիքներ տալը: Իսկ նշված խնդիրների լուծման միջոց է համարում աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ աշխատանքը:
Հղումներ
- Carl Ferdinand Friedrich Lehmann-Haupt (11 March 1861, Hamburg – 24 July 1938, Innsbruck) was a German orientalist and historian. He specialized in Urartian research, and was co-author of Corpus Inscriptionum Chaldicarum, a corpus of Urartian inscriptions, https://en.wikipedia.org/wiki/Carl_Ferdinand_Friedrich_Lehmann-Haupt.
- Վահե Սարգսյան, «Կ. Ֆ. Լեման–Հաուպտի հայեցակարգը Վանի թագավորության կազմավորման խնդրի շուրջ», Հայոց պատմության հարցեր, Երևան, 2016, էջ 3-18, https://arar.sci.am/dlibra/publication/310298/edition/284935/content:
- Կարմիր բլուր, հնավայր Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին, https://hy.wikipedia.org/wiki/Կարմիր_բլուրի_պեղումներ:
- The University of Innsbruck (German: Leopold-Franzens-Universität Innsbruck; Latin: Universitas Leopoldino Franciscea) is a public university in Innsbruck, the capital of the Austrian federal state of Tyrol, founded in 1669, https://www.uibk.ac.at/index.html.en.
- Mag. Dr. Walter Kuntner, Institut für Alte Geschichte und Altorientalistik, Universität Innsbruck – Zentrum für Alte Kulturen, https://www.uibk.ac.at/alte-geschichte-orient/institut/team/dr.-walter-kuntner.html.
- Assoz. Prof. Dr. Sandra Heinsch-Kuntner, Institut für Alte Geschichte und Altorientalistik, Universität Innsbruck – Zentrum für Alte Kulturen, https://www.uibk.ac.at/alte-geschichte-orient/institut/team/assoz-prof_dr_sh.html.
- Quaternary International is the official journal of the International Union for Quaternary Research. The objectives are to publish a high quality scientific journal under the auspices of the premier Quaternary association that reflects the interdisciplinary nature of INQUA and records recent advances in Quaternary science that appeal to a wide audience, https://www.scimagojr.com/journalsearch.php?q=25776&tip=sid&clean=0.
- «Եգիպտոսի, Սուտանի և Եթովպիոյ հայերը» խորագրով գիտաժողով Բեյրութում, http://www.academhistory.am/hy/նորություններ/371-«եգիպտոսի,-սուդանի-և-եթովպիոյ-հայերը»-խորագիրը-կրող-գիտաժողով-բեյրութում-2.html:
Հերմինե Օհանյան