Սեդա Ավագյանը 32 տարեկան է, մասնագիտությամբ՝ էկոլոգ: Սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» բաժնում, այնուհետև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Ընդհանուր երկրաբանություն» բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ է, ինստիտուտի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի էքսկուրսավար:
Սեդան համագործակցել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակի հետ, մասնակցել է Բելգիայի Լիեժի համալսարանի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Erasmsus + ուսանողների փոխանակման ծրագրում: Ներկայում ներգրավված է «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրում:
Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության ոլորտի զարգացման համար առաջնահերթ քայլերը:
Միջազգային ակտիվ համագործակցությունը, տեխնիկապես հագեցած լաբորատորիաները, դրամաշնորհային ծրագրերն ու մասնագետների վերապատրաստումները: Հայաստանում գիտության զարգացման առաջնահերթություններից է նաև բազային ֆինանսավորումը և աշխատավարձի բարձրացումը: Երիտասարդները փոխանակման ծրագրերի շրջանակներում, հետազոտական աշխատանքներ կատարելով արտասահմանում, գերադասում են մնալ ու աշխատել այնտեղ՝ բարձր աշխատավարձ ստանալու պատճառով: Կարծում եմ, Հայաստանում գիտնականի աշխատանքն անհամեմատ ավելի ցածր է գնահատվում:
Ի՞նչպես է պետք բարձրացնել գիտնականի վարկանիշը:
Որպեսզի գիտական ոլորտը լինի բարձր վարկանիշային, այն պետք է ունենա լայն կիրառականություն և քայլի ժամանակակից պահանջներին համընթաց՝ առաջարկելով համաշխարհային մրցունակ արտադրանք: Պետք է ապահովվեն սոցիալական որոշակի առավելություններ գիտնականների համար, բարձր աշխատավարձ, որպեսզի երիտասարդները ցանկանան բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից աշխատել նաև գիտության այլ ոլորտներում:Եթե ուզում ենք ունենալ գիտահեն, անվտանգ ու մրցունակ Հայաստան, պետք է առավելագույնս օգտագործենք մեր ներուժը և կատարենք մեր աշխատանքը բարձր մակարդակով ու պատասխանատվությամբ:
Ի՞նչ բարեփոխումներ կցանկանայիք տեսնել գիտության ոլորտում:
Հարկավոր է ապահովել մասնագետների շարունակական վերապատրաստումները Հայաստանում և արտասահմանում, պարբերաբար անցկացնել մասնագետների ատեստավորում, փորձի փոխանակման և տարբեր համագործակցային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել Հայաստան միջազգային ճանաչում ունեցող մասնագետների: Այստեղ կարևոր դեր կխաղա նաև հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը:
Ըստ ձեզ, ինչպե՞ս պետք է համագործակցեն ԲՈՒՀ-երը և ՀՀ ԳԱԱ-ն:
ԲՈՒՀ-երը պետք է շահագրգռված լինեն աշխատելու գիտահետազոտական ինստիտուտների հետ: Պետք է լինի փոխլրացում և շահերի համընկնում, ինչն էլ շղթայական արդյունքներ է ունենալու որակյալ կրթական համակարգի ստեղծման, բարձր որակավորում ունեցող մասնագիտական կադրերի պատրաստման, գիտահեն տնտեսության կառուցման գործում:
Հայաստանում ի՞նչ հեռանկարներ կան կիրառական գիտության զարգացման համար:
Կարծում եմ, յուրաքանչյուր գիտական ոլորտում, բացի գիտահետազոտական բուն մասից, մշակում են արդյունքները կիրառելի դարձնելու խելամիտ ու պետքական տարբերակներ: Լիահույս եմ, որ մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամային վիճակն առավելապես կիրառական գիտության զարգացման շնորհիվ:
Ըստ ձեզ, ի՞նչն է խոչընդոտում գիտության զարգացմանը Հայաստանում:
Մեր՝ երկրաբանության ոլորտում, խոչընդոտներից ամենամեծը ցածր աշխատավարձն է, որի պատճառով շատ երիտասարդ գիտնականներ հեռանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Բացի այդ, լաբորատորիաները հագեցած չեն տեխնիկապես, ինչն էապես խոչընդոտում է ոլորտի կայուն զարգացմանը:
Սեդա, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
«Կամ ամեն ինչ, կամ ոչինչ». սա է իմ կարգախոսը, և ես փորձում եմ այն կիրառել նաև իմ աշխատանքում՝ իմ պարտականությունները կատարելիս:
Մոնիկա Երիցյան